Բաժիններ՝

ՀՖՖ-ն վստահեցնում է՝ Երևանում Իռլանդիայի հավաքականի անվտանգության հետ կապված խնդիրներ չեն կարող լինել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մտահոգություններին Երևանում իրենց հավաքականի անվտանգության վերաբերյալ: Իռլանդիայից հնչող մտահոգությունները պայմանավորված են Երևանում ընթացող բողոքի ցույցերով:

Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Քեննին իռլանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել է, որ Իռլանդիայի հավաքականից առաջ Երևան կժամանի Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության ծառայության ղեկավարի պատվիրակությունը, որը իրենց տեղյակ կպահի անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Թիմից առաջ պատվիրակություն է գնալու անվտանգության ծառայության ղեկավար Ջո Մաքգլյուի գլխավորությամբ: Վստահ եմ, որ նրանք մեզ տեղեկատվություն կտան այդ մասին»,- ասել է Քեննին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով իռլանդական կողմի մտահոգություններին, նշեց, որ այդ թեմայով մտահոգվելու կարիք չկա: «Ինչպես արվում է մյուս բոլոր հավաքականների պարագայում, Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների և անձնակազմի անվտանգությունը ևս կապահովվի»,- վստահեցրեց Կարապետյանը:

Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս