Կորոնավիրուսային համաներում Մոսկվայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետեւանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռեւս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Միջոցառումն իրականացվում է քաղաքացիներին ու բիզնեսին համընդհանուր պատժամիջոցների շրջանակներում օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք դիմակ չդնելու պատճառով տուգանվել են ու վճարել (կամ դեռեւս չեն վճարել) այդ գումարը, հնարավորություն կունենան հետ ստանալ այն»,- ասված է համապատասխան որոշման մեջ:

Քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, պատրաստվում է 13.6 միլիարդ ռուբլի չեղարկել: Պետության կողմից սուբսիդիա կարող են ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք՝ մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Դրանց մեջ են մտնում անձնագիրը կամ իրավաբանական անձի գործունեության համար պահանջվող հավաստագիրը, տուգանք նշանակելու մասին ոստիկանների կողմից կազմված արձանագրությունը, տուգանքը մուծելու ստացականը:

Տուգանքի վերադարձ չի կարող լինել այն քաղաքացիների կամ իրավաբանական անձանց համար, որոնք տուգանվել են ինքնամեկուսացման ժամանակ, այսինքն՝ խախտել են համաճարակային ռեժիմը, ինչպես նաեւ Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետությունների քաղաքացիներ են կամ «օֆշորային գոտիներում» հաշիվներ ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս