«Նվերներ» Փաշինյանից և Ալիևից. Բուդաղյանի ստացած առաջին աստիճանի «Մարտական խաչն» ու թշնամուց ծանր վիրավորված ժամկետայինը

Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ նախագահի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանն արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Ի դեպ, այս պաշտոնը նա զբաղեցնում է 2021-ի օգոստոսի 26-ից:

Հատուկ բանակային կորպուսը ստեղծվել է 1-ին և 4-րդ կորպուսների միավորմամբ, ընդգրկում է Սյունիքի տարածաշրջանի զորամասերը և որոշ զորամասեր՝ Վայոց Ձորից:

Իսկ Բուդաղյանին գեներալ դարձրել է Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ պատերազմ էր ընթանում՝ 2020-ի հոկտեմբերի 15-ին:

Սակայն, երբ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը (ԳՇ)՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարություն արեց, այդ ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը ստորագրեց դրա տակ: Սակայն արդեն ապրիլի վերջերին, երբ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետը չէր, Արտակ Բուդաղյանը «խոնարհվում էր» Փաշինյանի առաջ:

Օրինակ, Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունից հետո, որի ժամանակ նա հրահանգել էր հատուկ գործողություններ կիրառել իրեն ծափերով չդիմավորած կամ հայհոյանքներով ողջունած, երբեմն՝ արդարացված որակումներ թույլ տված սյունեցիների նկատմամբ, ինչը միանգամից ի կատար էր ածվել, Արտակ Բուդաղյանը դրա նախօրեին մեծ սիրով ընդունել էր Փաշինյանին:

Գուցե զբաղեցրած կարգավիճակից ելնելո՞վ: Գուցե, իսկ միգուցե…

Հիշեցնենք, որ Բուդաղյանը սյունեցի է՝ Գորիսից է ծնունդով, ըստ կենսագրության մեջ գրված տվյալների, 1990թ. մասնակցել է Սանասարի՝ Կուբաթլուի, Լաչինի (Քաշաթաղի շրջան, Բերձոր քաղաք) ազատագրման մարտերին, որոնք թուրքին են հանձնել գործող իշխանությունները:

2013 թվականին Բուդաղյանը ՊԲ զորամասի հրամանատար էր, անձնական հաշիվներ մաքրելու համար հրացանով գնացել էր Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տուն, տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց 120.000 դրամ տուգանք: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նաև նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:

Այս ամենը, ըստ էության, տեղի ունեցավ հանրային ճնշման արդյունքում, բարձրաստիճան զինվորականները ևս աջակցություն դրսևորեցին, թեպետ միջանձնային նման դեպքերը դատապարտում էին. օրինակ, այդ ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանը:

2014 թվականին Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ արդեն 2019-ին՝ նույն կորպուսի հրամանատար:

Այսինքն, նախկինների շնորհիվ նրա զինվորական կենսագրության վրա խաչ չքաշվեց:

Իսկ այսօր Բուդաղյանը սիրով ծառայում է մեկին, ում պատճառով իրենից լավ, արժանի, փորձառու սպաներ իրենց զինվորական կենսագրության վրա խաչ քաշեցին:

Բուդաղյանը, ըստ էության, վատ չի զգում, երբ պատերազմից հետո Սյունիքի հատվածից տարածքներ ենք կորցրել և շարունակում ենք կորցնել, այդ թվում՝ Հատուկ կորպուսի ձևավորումից հետո:

Մասնավորապես, «Սպուտնիկ Արմենիան» գրել էր Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստի մասին:

Գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի սկզբին ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։

ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին նաև, որ այս տարվա մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ: ՊՆ-ն արձագանքել էր, թե՝ Ներքին Հանդ գյուղը ադրբեջանցիների դիտարկման գոտում չէ:

«Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նախորդ տարվա գարնանը, ինչից հետո այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, սակայն ձմռանը, չունենալով բավարար կենցաղային պայմաններ, ադրբեջանական զինուժի մի մասը հեռացել է տեղանքից:

Այժմ եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ և նախկինում փորված խրամատների հարակից տարածքում նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրվել են վրաններ»,- նշվում էր 2022-ի մարտի 21-ի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով պատերազմից հետո Հայաստանի սահմանային իրավիճակին, որում, մասնավորապես, նշվում էր.

«Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում`

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ – 2022թ. մարտ:

Սյունիքի մարզի Գորիս համայնք (հիմնական` Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատված) – 2021թ. մայիս:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) – 2021թ. մայիս:

Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված – 2020թ. հոկտեմբեր:

Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր)»:

Արտակ Բուդաղյանի ղեկավարած զորամիավորման ենթակա տարածքներում ոչ միայն տարածքային խնդիրներ են եղել, այլև համապատասխան զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների արատավոր դեպքեր:

Իսկ այսօր, երբ Արտակ Բուդաղյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան էր ստանում և Սարդարապատում ջերմագին սեղմում Նիկոլ Փաշինյանի ձեռքը, գրեթե նույն ժամին՝ 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացում հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը, որի վիճակը գնահատվում է ծանր:

168.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Ներքին Հանդի հատվածում:

Իսկ Բուդաղյանի ընտանիքը շարունակելու է անորակ հաց մատակարարել բանակին, Մեղրիի զորամասին՝ նախկին մատակարարներին խաղից հանելով, որպեսզի միայն իրենք հաց մատակարարեն հատուկ կորպուսի զորամասերին: Քանի որ դեռ չունենք թույլտվություն, չենք նշի, թե կոնկրետ ում է խաղից հանել: Եվ գուցե հանուն սրա շարունակելու է վատ չզգալ, երբ Նիկոլ Փաշինյանը ըստ արժանվույն չի արձագանքի իր պատվի առնելուն:

Տեսանյութեր

Լրահոս