Չկա լուրջ աշխատանք տնտեսական դաշտը քարտեզագրելու, ներդրողների համար գրավիչ փաթեթներ կազմելու և նրանց գրավելու համար. Հրանտ Միքայելյան
Կառավարության ղեկավարի ու անդամների կողմից պարբերաբար հնչում են տնտեսական երկնիշ աճի, ներդրումների, աշխատատեղերի ավելացման ռեկորդային ցուցանիշներ, որոնք շատ արագ հերքում են փորձագիտական շրջանակները: Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխական զարգացումների փոխարեն՝ տնտեսությունն օրեցօր գրանցում է վատ արդյունքներ։ Դեռևս մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց կառավարության հերթական «ռեկորդային ձեռքբերումների» մասին:
«Անցած տարի կրկին ներդրումների ռեկորդային աճ ենք ունեցել, մեր ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է։ Նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել»,- հայտարարել է Վահան Քերոբյանը։
Ըստ ամերիկյան The Heritage Foundation հաստատության վերջերս հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցի, 2 տարվա ընթացքում Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը: Տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են։ Նախկին 58-ից հայտնվել է 34-րդ տեղում, բայց դա չի խանգարում, որ էկոնոմիկայի նախարարը ռեկորդային աճի ցուցանիշներից խոսի:
Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության, դրա արդյունքների, ներդրումների ռեկորդային աճի ու իշխանության վարած տնտեսական քաղաքականության մասին 168.am-ը զրուցել է Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ:
– Պարոն Միքայելյան, ինչպե՞ս կգնահատեք այսօր իշխանության 4 տարիների վարած տնտեսական քաղաքականությունը: Ի վերջո, ունեցա՞նք տնտեսական հեղափոխություն, ինչպես հայտարարում էր Փաշինյանը:
– Տնտեսական քաղաքականությունը հիմնականում իրականացվում է եղած մասնագետների կողմից, սակայն պիտի նշեմ, որ լավագույն մասնագետները լքել են պետական համակարգը: Մի քանի անուններ նշեմ՝ Վաչե Գաբրիելյան, Վարդան Արամյան, Դավիթ Անանյան․․․ Թիմի որակը սրանից տուժել է:
Երկրորդ խնդիրն այն է, որ կրճատվել են շատ կարևոր նախարարություններ՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, որոնց կրճատումը բացասական ազդեցություն ունեցավ համապատասխան ոլորտների վրա: Թույլ է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը:
Հիմնականում մյուս բոլոր ոլորտներում վիճակը կամ վատթարացել է, կամ ուղղակի կայուն է: Որպես հաջողություն՝ կարելի է նշել առաջընթացն աշխատանքի շուկայում: Չգիտեմ, թե որքանով է սա Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության հետևանք, բայց աշխուժացման փաստը կա: Ընդհանուր առմամբ, ելնելով նշածս պատճառներից, վերջին 4 տարիներին տարվող տնտեսական քաղաքականությունը գնահատում եմ բացասական:
– Պարբերաբար Էկոնոմիկայի նախարարի կողմից լսում ենք տնտեսական երկնիշ աճի մասին հայտարարություններ: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
– Տնտեսական աճը գնահատելու համար ավելի մեծ ժամանակահատված պիտի ուսումնասիրել: Եթե հատվածական կամ ամսական ցուցանիշներ վերցնենք, դա մեզ ոչ մի օգտական տեղեկություն չի տա: Օրինակ, հունվարին, երբ աշխատանքայի օրերը հանգստյան օրերի հաշվին ավելացան, տնտեսական աճը եղավ գրեթե 15 տոկոս, հիմա սա տնտեսական ա՞ճ է, կարծում եմ՝ ոչ: Թվերի մակարդակում ունենք տնտեսական աճ, բայց չունենք մակրոտնտեսական, որակական փոփոխություն, և այդ տնտեսական աճը շատ հաճախ ուղղակի կրում է տեխնիկական բնույթ, ինչն էլ բնութագրում է այս տարվա առաջին չորս ամիսները:
– Պարոն Միքայելյան, հաճախ ենք հայտարարություններ լսում Վահան Քերոբյանի կողմից նաև ներդրումների վերաբերյալ: Ներդրումներն իսկապե՞ս հորդում են, ինչպես պարբերաբար հայտարարում է նախարարը:
– Ներդրումների մասին խոսելն ընդհանրապես, կարծում եմ, անտեղի է: Հայաստանում ներդրումների վիճակը վատ է եղել դեռ 2017 թվականից: Մինչև հեղափոխությունն էլ խոստացված ներդրումները չեն իրականացվել, գուցե դրանց խանգարեց հենց հեղափոխությունը: Իսկ 2018-ից հետո ներդրումների հոսքը նվազել է: Շատ հաճախ պորտֆելային ներդրումները ներկայացվում են՝ որպես օտարերկրյա ուղիղ ներդրումներ, ինչը ճիշտ չէ: 2020-ին եղել է ներդրումների բացասական ներհոսք: 2019-ին ու 2021-ին դրանք եղել են շատ փոքր: Իրականում մենք չունենք օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի աճ: Եվ ես դժվարանում եմ ասել, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ ունենք ներդրումների աճ: Բացի այդ, ունենք ներքին ներդրումների նվազում, որովհետև դրանք ևս պայմանավորված են խոշոր բիզնեսի ակտիվությամբ, իսկ խոշոր բիզնեսը շատ հաճախ վախենում է ցուցաբերել տնտեսական ակտիվություն: Այնպես որ, չեմ կարծում, որ ընդհանրապես տեղին է ներդրումների մասին նման հայտարարություններ անելը:
– Ի՞նչն է խանգարում օտարերկրյա ներդրողներին, ի՞նչ խոչընդոտներ կան, վստահության պակաս կա՞ Հայաստանի ներդրումային միջավայրի և ընդհանրապես տնտեսության նկատմամբ:
– Ես կառանձնացնեի մի քանի խնդիր, որոնք խոչընդոտում են ներդրումներին: Հայաստանի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Հայաստանը բավականին խոցելի է անվտանգության տեսանկյունից, Հայաստանի փոքր տնտեսությունը՝ ներքին շուկայի բացակայությունը, օրենսդրությունը: Խնդիրները և՛ քաղաքական են, և՛ կառուցվածքային:
Դրանք հաղթահարելը դժվար է ու ոչ միշտ է հնարավոր: Խոչընդոտ կարող է լինել ներդրումների համար նաև անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ: Որքան էլ ներկայիս իշխանությունը պնդում է, որ վայելում է ժողովրդի վստահությունը, բայց իշխանությանը հիմնականում վստահում է այն խավը, որը պատշաճ տեղեկություն չունի, ունի ավելի քիչ եկամուտ, չունի բիզնես և չի առնչվում ոլորտային բազմաթիվ խնդիրների հետ և պարզապես սպառում է մեդիատեղեկատվությունը:
Չեմ կարծում, որ բիզնեսի ու բիզնեսմենների կողմից իշխանությունը վայելում է վստահություն: Իսկ դա պատճառ է դարձել, որ հատկապես պատերազմից հետո, Հայաստանից դուրս է բերվել բավականին շատ կապիտալ: Հիմա այդ գործընթացը դանդաղել է:
– Օտարերկրյա ուղիղ ներդրումներից բացի, պետությունն ինքը մասնակցություն չպե՞տք է ունենա տնտեսության խթանման գործին, չպե՞տք է ներարկումներ արվեն տնտեսության մեջ:
– Պետությունը կարող է անել ներդրումներ, բայց դրանք միջնորդավորված ներդրումներ են շուկայական տնտեսության մեջ, օրինակ, կարող է ստեղծել վարկային հիմնադրամներ և դրանց միջոցով կատարել ներդրումներ: Հիմա դրա իսկական ժամանակն է, և դրա համար միջոցներ կան Կենտրոնական բանկի պահուստային հիմնադրամում: Բայց քանի որ դրամի փոխարժեքն այսօր բարձրացել է, պահուստային հիմնադրամի միջոցները նվազում են: Կարելի էր որոշակի ներդրումներ այնուամենայնիվ անել, բայց, խոշոր հաշվով, դրանք արվում են միայն ենթակառուցվածքների վերանորոգման՝ ճանապարհաշինության մեջ, եթե դա կարելի է համարել տնտեսության մեջ ներդրում:
– Այսօր Հայաստանում ներդրողներին օժանդակելու ու տնտեսության մեջ ներդրումները խթանելու համար կան տարբեր կառույցներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոն», «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և վերջերս ստեղծված ներդրումային կոմիտեն: Որքանո՞վ է այս կառույցների գործունեությունը ծառայում նպատակին:
-Համոզված չեմ, որ դրանք արդյունավետ են աշխատում: Եղել է փորձ, որ ներդրողները ցանկացել են ներդրումներ անել այստեղ, սակայն նրանց անգամ խորհրդատվություն չի տրամադրվել, առաջարկվել է ինքնուրույն ուսումնասիրել դաշտը, իրավիճակը և գտնել ներդրումների ցանկալի ուղղությունը: Սա վկայում է, որ լուրջ աշխատանք չի տարվում տնտեսական դաշտը քարտեզագրելու, ներդրողների համար նախնական գրավիչ փաթեթներ կազմելու և ներդրողներին գրավելու համար:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ