«Սա ուղղակի կատաստրոֆա է արտգործնախարարության համար». Սուրեն Սարգսյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, երեկ Դուք գրել էիք, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից: Սակայն, ԱԳՆ խոսնակը փորձել էր հերքել այդ տեղեկատվությունը, այն էլ՝ վիրավորական ձևակերպմամբ: Ի վերջո, ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և ինչո՞ւ նման կերպ որոշեցին հերքել տեղեկատվությունը:

– Նախորդ շաբաթվա ընթացքում մի քանի գրառումներ էի կատարել՝ կապված արտգործնախարարի ամերիկյան այցի հետ, թեզեր էի առաջ քաշել, տեղեկություններ էի հրապարակել, և դրանց որևէ կերպ արտգործնախարարությունը չէր արձագանքել: Հավանաբար, ընդունել էին, որ իմ գրած տեղեկությունները ճիշտ են:

Հետո հրապարակեցի տեղեկություն առ այն, որ արտգործնախարարն ուշացել է սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից, տեղեկությունը ստացել էի Վաշինգտոնից, հետո ճշտել էի ևս երկու աղբյուրից: Հիմա այն, որ իրենք Արցախի և Հայաստանի շահերի հետ կապված ընդհանրապես չեն խոսել, այդ տեղեկությունները չեն հերքում, հերքում են այն, որ 30 րոպե ուշացել են: Հասկանո՞ւմ եք՝ այդ հիմնարկության անտաղանդության բարձր մակարդակը:

Ինչ վերաբերում է վիրավորական ձևակերպումներին, շատ հետաքրքիր էր, որ արտգործնախարարության խոսնակը նման ձևակերպում արեց, ինչը, բնականաբար, ինձ թույլ է տալիս նաև այդպիսի բառամթերք կիրառել իրենց նկատմամբ: Ես դրանից զերծ կմնամ, որովհետև դա անթույլատրելի է, բայց շատ հետաքրքիր է հասկանալ՝ ԱԳՆ-ի մակարդակը և որակը և՛ դիվանագիտական, և՛ հանրային կապերի ճակատներում այդ մակարդակի վրա է գտնվում: Սա ուղղակի կատաստրոֆա է այդ հիմնարկության համար:

– Դուք գրել էիք, որ Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման գործողությունները, չէ՞ որ ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները տպավորություն են ստեղծել, որ ԱՄՆ-ում բավականին ուրախ են Փաշինյանի և նրա թիմի նման գործընկերներ ունենալու հարցում:

-Ես կարող եմ հիմնավորել, թե ինչու է Վաշինգտոնը պաշտպանում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Սա շատ պարզ աշխարհաքաղաքական գործընթաց է, և գիտեք, որ ԱՄՆ-ի համար մշտապես առաջնահերթություն է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ սկսած 1990-ականների սկզբից, երբ սահմանը փակվեց: ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն ունի նաև ԼՂ հարցի կարգավորումը: Ընդ որում՝ ԱՄՆ-ի համար միևնույն է, թե խնդիրն ինչպես կլուծվի, կարևորը, որ այդ խնդիրը լուծվի: Սրա գլոբալ աշխարհաքաղաքական ենթատեքստն այն է, որ ԱՄՆ-ը փորձում է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնել կամ ընդհանրապես ՌԴ-ին դուրս մղել այդ տարածաշրջաններից:

Սա շատ նորմալ աշխարհաքաղաքական մրցակցություն է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եկել են իշխանություններ, որոնք միակողմանի զիջումների հաշվին պատրաստ են հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ և համաձայնագիր ստորագրել նաև Ադրբեջանի հետ: Բնական է, որ սա ԱՄՆ-ի շահերից է բխում, որովհետև ակնհայտ է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, ապա ի՞նչ իմաստ ունի ռուսական ռազմաբազայի կամ ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին: Նույնն էլ վերաբերում է ԼՂ հարցին, եթե խնդիրը կարգավորված է, թեկուզ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա ի՞նչ իմաստ ունի ռուսական խաղաղապահների ներկայությունը: Այսինքն՝ ամբողջ տրամաբանությունը սա է: Եվ ինչո՞ւ պետք է Վաշինգտոնը չպաշտպանի ՀՀ իշխանություններին, որոնց հետ իրենց քաղաքական գիծը համընկնում է:

– Ձեր խոսքից տպավորություն է, որ Ռուսաստանը պետք է հիմա ամեն ինչ աներ, որպեսզի թույլ չտար, որ նախ իր ռազմաբազան դուրս գա Հայաստանից, և նաև Արցախից խաղաղապահները դուրս գան: Ռուսաստանը ինչո՞ւ որևէ քայլ չի անում:

– Ես գլոբալ մրցակցության մասին խոսեցի, և այն միայն մեր տարածաշրջանում չէ, Ռուսաստանը բոլոր ֆրոնտներով մրցակցության մեջ է, ավելին՝ Ուկրաինայի ֆրոնտում պատերազմի մեջ է: Ռուսաստանին հիմա պետք չէ երկրորդ ֆրոնտ ունենալ այստեղ, որովհետև եթե այստեղ իրավիճակը թեժացավ, ակտիվացան Թուրքիան և Ադրբեջանը, սա երկրորդ ֆրոնտ է, առաջին հերթին՝ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը փորձում է այս զարգացումներում ակտիվություն չցուցաբերել և սպասել, մինչև ուկրաինական գործընթացը ավարտին հասցվի:

– Բայց տեսանելի՞ է, թե դա ինչպես է ավարտին հասցվելու:

– Սցենարներ շատ կարող են լինել, շատերը պնդում են, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում և չի կարողանում դուրս գալ, բայց կա նաև կարծիք, որ սա ռազմավարություն է, ըստ որի՝ Ռուսաստանն Ուկրաինայում անելու է այն, ինչ տեղի է ունեցել, օրինակ՝ Իրաքում, Աֆղանստանում կամ այլ նմանատիպ պետությունում: Դրա համար ակնհայտ է, որ Ռուսաստանն այստեղ չի կարող ակտիվ գործողություններ իրականացնել, բայց ինչ-որ ժամանակ հետո իր տարածաշրջանային շահերը շարունակելու է սպասարկել:

– Դրա համա՞ր են հավաքական Արևմուտքը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն այսքան շտապում:

– Իհարկե, շտապողականությունը պայմանավորված է Ռուսաստանի զբաղված լինելով, որովհետև Ռուսաստանն իր ռեսուրսներն այլ ուղղությամբ է կենտրոնացրել: Իհարկե, Ռուսաստանը գերտերություն է, ունի շատ ավելի շատ ռեսուրսներ, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց միևնույն է, ուկրաինական ճակատը Ռուսաստանի համար ծանր է:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս