Կառավարությունը վարկը կսուբսիդավորի, եթե վարկի գումարի 70 %-ը ծախսեք անկանխիկ. Նիկոլ Փաշինյան

«Հաջորդ խնդիրը, որը լուծում ենք, փորձում ենք տարածքների համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել, և այդ պատճառով վարկերը սուբսիդավորվում են հետևյալ տրամաբանությամբ։ Այսինքն՝ բանկը վարկը կտա առավելագույնը  14 տոկոսով, իսկ կառավարությունը կսուբսիդավորի հետևյալ տրամաբանությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի 0, այսինքն՝ քաղաքացին իրականում անտոկոս վարկ կստանա, մնացածը կառավարությունը կվճարի բանկերին։ Գյուղական համայնքներինը կլինի 2 տոկոս, այսինքն՝ կառավարությունը կսուբսիդավորի այնքան, մինչև վարկը հասնի 2 տոկոս։ Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս և Երևանում կլինի 5 տոկոս»,- այսօր  Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների վերանաորգման համար վարկային միջոցներ տրամադրելու ծրագրին։

Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մեկ այլ նպատակադրման մասին, որը  վերաբերում է  կանխիկի շրջանառության և ստվերի կրճատմանը, քանի որ ծրագրի մեջ պայման պետք է դնեն, որ ծրագրով ստացած վարկային միջոցների 70 տոկոսը կամ առնվազն 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ։

«Այսինքն՝ գնումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով կա՛մ բանկային քարտի, կա՛մ փոխանցումների միջոցով, որն էլ իր հերթին կբերի առևտրաշրջանառության մեծ ստվերի կրճատման։ Թվում է, թե ի սկզբանե մեր նպատակն էր մարդկանց աջակցել, որպեսզի բնակարանները, այսպես ասած, նորոգեն, բայց ինքնին ինքը լավ, սակայն պարզունակ նպատակ է։ Մենք կառավարության որոշումների վրա աշխատելիս միշտ պետք է դնենք այդ պարզ նպատակը կենտրոնում, հետո նաև հասկանանք, թե ինչպես լավարկենք այդ որոշումը, որ այն լրացուցիչ մեր քաղաքականությունից բխող լրացուցիչ էֆեկտներ բերի իր հետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար քաղաքացիները պետք է դիմեն բանկ, վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով և այդ տարիների ընթացքում սկզբից մինչև վերջ կառավարությունը համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է։

«Մենք նաև մոնիտորինգ ենք անելու, թե որքանով է  նպատակային օգտագործվում վարկը, եթե մենք տեսանք, որ վարկը նպատակային չի օգտագործվում… սրա համար է նաև դրված անկանխիկի պայմանը։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, կապը հետևյալն է՝ գիտեք, որ հիմա ըստ էության մենք նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենք, որտեղ ֆիքսվում է ոչ միայն, թե ինչ գումար է  ծախսվել, այլև, թե ինչ ապրանք է գնվել։ Հետևաբար՝ այդ ծրագրի շրջանակներում մոնիտորինգ անելու հնարավորություն կա։ Երբ մենք կտեսնենք, որ վարկը նպատակային է ծախսվում՝ կսուբսիդավորենք, եթե տեսնենք, որ նպատակային չի ծախսվում՝ կդադարեցնենք սուբսիդավորումը»,- շեշտեց նա։

Փաշինյանը  հիշեցրեց ու կարևորեց նախորդ շաբաթ  կենսաթոշակառուների համար սահմանված 10 տոկոսի բոնուսների համակարգը։

«Մենք կարող էինք ուղղակի որոշում կայացնեինք կենսաթոշակն ինչ-որ չափով բարձրացնելու, բայց դա նպատակ է, որը հիմա մենք ըստ էության փաստացի դե ֆակտո իրականացնում ենք, բայց զուգահեռ այլ կարևոր նպատակներ ևս իրագործում ենք»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս