«Բարձրաստիճան սպաների խոսքերով՝ պատերազմի սկսվելու պահին շատ ստորաբաժանումներ բացազատված չեն եղել». «The Military Balance-2022»-ում՝ ՀՀ պարտության պատճառների մասին
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IISS) «The Military Balance-2022» զեկույցում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում հայկական կողմի բացթողումներին և հետպատերազմյան Հայաստանի ռազմական բարեփոխումների խնդրին:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ 2020-ի 44-օրյա պատերազմում տարած պարտությունից հետո և դրա արդյունքում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հայաստանը բախվել է սեփական զինված ուժերի վերականգնման և բարեփոխման լրջագույն խնդրին:
Ուսումնասիրության հեղինակները, հղում տալով հայաստանյան վերլուծաբաններին՝ նշում են, թե Հայաստանում կա կարծիք, որ ՀՀ զինված ուժերում բավարար քանակի և որակի հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) չլինելը և դրանց լայն օգտագործումը Ադրբեջանի կողմից որոշիչ դեր խաղացին հայկական կողմի պարտության հարցում: Մյուս կողմից, նշվում է, որ թեպետ ԱԹՍ-ները կարևոր դեր խաղացին 2020-ի պատերազմում, բայց այն չպետք է գերագնահատել:
Առկա են եղել մի շարք այլ լրջագույն խնդիրներ, մասնավորապես, զեկույցում նշվում է՝ պատերազմը բացահայտեց ՀՀ զինված ուժերում եղած լուրջ այլ խնդիրներ, այդ թվում՝ մոբիլության ցածր աստիճանը, կապի, կառավարման և հետախուզական հնացած համակարգերը:
Հիշեցվում է, որ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք, սակայն պահեստազորայինների զորակոչը դեռ այն ժամանակ մի շարք հարցեր է առաջացրել:
Օրինակ, 2020-ի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի միջոցով դիմել է ՀՀ քաղաքացիներին, որ նրանք նվազագույնը 30 հոգով հավաքվեն, ընտրեն հրամանատար և ներկայանան զինկոմիսարիատ:
168.am-ը գրել էր, որ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ:
Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդուն, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:
Իսկ «The Military Balance-2022»-ում բացի մոբիլիզացիոն համակարգի թերությունից, առանձնացվում են նաև ինստիտուցիոնալ այլ խնդիրներ, այդ թվում՝ սպառնալիքների գնահատման, մարտական գործողությունների ժամանակ մատակարարումների ապահովման, նյութատեխնիկական աջակցության, ինչպես նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում իշխանությունների վարած քաղաքականությունը՝ բանակում կադրային որոշումների հետ կապված:
«Օրինակ, մի շարք բարձրաստիճան սպաների խոսքերով, ռազմական գործողությունների սկսվելու պահին շատ ստորաբաժանումներ մշտական տեղակայման վայրից դուրս բերված և բացազատված չեն եղել»,- շեշտվում է զեկույցում, ինչի մասին 168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրություների շարք է ներկայացրել:
Հետազոտության հեղինակները շարունակում են, որ, ըստ հայ վերլուծաբանների, պատերազմի ժամանակ Հայաստանը չի կարողացել զգալի ավելացնել իր ուժերը Լեռնային Ղարաբաղում՝ ոչ կանոնավոր բանակի, ոչ էլ պահեստազորայինների մասով: Մինչդեռ այդ ժամանակ հարցեր էին բարձրացվում մոբիլիզացված ուժերի կառավարման, կազմակերպվածության և պատրաստվածության հետ կապված:
Անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանի ռազմական բարեփոխումների խնդրին, Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները հիշեցնում են, որ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ հայտարարելով, որ նրանք այլևս ի վիճակի չեն ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Վերլուծաբանները նշում են՝ անհասկանալի էր, թե պատերազմից հետո ինչ դասեր են քաղվել, կամ զինված ուժերի վերաձևավորման հետ կապված հանրային կամ փորձագիտական քննարկման գործընթացում եղե՞լ է առաջընթաց:
Այս համատեքստում հիշատակվում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը և իշխանությունների հայտարարությունները կանոնավոր բանակի կրճատման և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին: Մասնագետներն այստեղ կարևոր հարցադրում են անում՝ եթե անգամ բանակը կազմված լինի միայն պայմանագրայիններից, արդյո՞ք կրճատվող բանակի դեպքում Հայաստանը կարող է վերահսկել Ադրբեջանի հետ սահմանը, երբ պատերազմի արդյունքում այն երկարել է:
Երկրորդ հարցը վերաբերում է վերապատրաստման եռամսյա համակարգին, արդյո՞ք այն կապահովի բավարար մարտունակ ռեզերվ: Պարզ չէ նաև, թե պրոֆեսիոնալ անձնակազմի պատրաստման համար ի՞նչ արդյունավետ բարեփոխումներ են արվելու:
Ինչ վերաբերում է սպառազինությանը, «The Military Balance-2022» զեկույցում նշվում է, որ հարցեր կան՝ պլանավորված գնումների հետ կապված: Օրինակ, մի քանի պայմանագրեր ՌԴ-ի հետ Հայաստանը կնքել է «Բանակ-2021» ցուցահանդեսի ժամանակ, սակայն զեկույցի պատրաստման ժամանակ դրանց մասին այլ տեղեկություններ չեն եղել:
Այստեղ միջազգային փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ Հայաստանն ընդունել էր ռազմական գնումների 7-ամյա ծրագիր, որն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերանայել է, և դրա ճակատագիրն այս պահին հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
«Հնարավոր է՝ ռազմական պարտությունը և տեխնիկայի կորուստները փոխեն Երևանի առաջնահերթությունները, մշակվի գնումների նոր ծրագիր»,- նշվում է հետազոտության մեջ՝ հաշվի առնելով Շոյգու-ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյան պայմանավորվածությունները, և այն, որ ՀՀ-ն ռազմատեխնիկական համակարգերի առումով դեռ կախված է Ռուսաստանից:
Անդրադարձ է կատարվում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վարչություն ստեղծելու որոշմանը:
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում անօդաչու թռչող սարքերի վարչություն ստեղծելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2021-ի օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։
Հրապարակված նախագծի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:
«2020-ի պատերազմից հետո Հայաստանը ձգտում է բարելավել ԱԹՍ-ների սեփական զինանոցը, և հնարավոր է՝ նաև ցամաքային ՀՕՊ-ը: Այս ծառայությունների կամ ուժերի միջև կոորդինացիան շարունակում է խնդրահարույց մնալ: Երկրորդ՝ պարզ չէ, թե ինչպե՞ս է ԱԹՍ-ների վարչությունը համագործակցելու ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հետ: Սա կարևոր հարց է, հատկապես, երբ այս ուժերը պատերազմի ժամանակ համագործակցելիս բախվել են խնդիրների, ինչի ապացույցը «բարեկամական բնույթի» այն միջադեպերն են, որը հանգեցրել է մի քանի ինքնաթիռների կորստի»,- շեշտվում է զեկույցում:
Հավելենք, որ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» հետազոտության համահեղինակ, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովն իր հետազոտության մեջ գրել էր, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է սեփական 4 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:
Որպես հետգրություն. վերլուծական կենտրոնները մոռացել են անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի հետ կապված բուն «նպատակին», որը կարծես թե ամբողջությամբ համընկնում է Էրդողանի և Ալիևի երազանքի հետ, այն է՝ կրճատել բանակը և այն վերածել իրեն հավատարիմ պայմանագրային գվարդիայի: