Մեկ ամիս առաջ ճաքեր նկատել էինք. Քաղաքապետը՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածի փլուզման մասին
Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում մայիսի 20-ին փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Երևանի ավագանու մայիսի 24-ի նիստում ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարցն ուղղելով քաղաքապետ Հաչյա Սարգսյանին՝ ասաց. «Արդյո՞ք ունենալու ենք պատասխանատուներ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու փլված այդ հատվածի հետ կապված, ո՞վ է դրա պատասխանատուն, և ինչքանո՞վ ենք ապահովագրված, որ մյուս շինհրապարակներում նման բաներ չեն լինելու»:
Քաղաքապետն ի պատասխան՝ ասաց. «Դեռ մի ամիս կամ գուցե մի փոքր ավելի առաջ ճաքեր նկատել էինք, այնտեղ եզրակացություն ունեինք, որ այդ ճաքերը շինարարական աշխատանքներից չեն առաջացել: Այնուամենայնիվ, արգելապատնեշները, որպես այդպիսին, մնացել էին այդտեղ, և վերջերս եղանակներն անձրևոտ էին, միևնույն ժամանակ՝ շինարարություն էր, փլուզում է տեղի ունեցել, որը կապված է նաև նրա հետ, որ ճանապարհը շերտերով հավաքված է, և կողքից արգելապատնեշ չլինելու պատճառով ամբողջությամբ քանդվել է: Եթե նախօրոք իմանայինք, գուցե հնարավոր լիներ շուտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Իմ ընկալումն է, որ դա միտումնավոր չէր: Այո, երևի հնարավոր էր դա կանխարգելել: Բայց դրա մասով եզրակացություն կտան արդեն համապատասխան մարմինները»:
Քաղաքապետը հայտնեց, որ ճանապարհն այս պահին փակ է, միջնաշերտն ամբողջությամբ փորվում է:
«10-օրյա ժամանակահատվածում կունենանք այն ճանապարհը, որն ունեինք»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը: