Մինչ ԱԱԾ-ն «ֆեյք ուսանողի» գործով քննություն է տանում, ապօրինությունը կոծկած անձը պատրաստվում է դառնալ ՇՊՀ ռեկտոր
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին 168.am-ը սկանդալային մի հրապարակում էր կատարել, ըստ որի՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) «Սոցիոլոգիա առկա» մասնագիտության 1-ին կուրսում գրանցված է եղել մեկը, որը 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողի կարգավիճակ չի ունեցել, իսկ հետագայում, լինելով արդեն նույն բաժնի հեռակա ուսուցման ուսանողուհի, չի մասնակցել հեռակա բաժնի դասերին` շարունակելով մասնակցությունն առկա բաժնի դասերին՝ հանձնելով միջանկյալ և ամփոփիչ քննություններ:
Համաձայն մեր աղբյուրների՝ այսպես կոչված, «ֆեյք» ուսանողուհու գործով այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննություն է ընթանում, և այս սկանդալի կիզակետում գտնվող «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը փորձում է ամեն գնով ստանալ «վերևների» աջակցությունը վայելող ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի օգնությունը` գործը ջրելու համար:
Խնդիրն այն է, որ Երվանդ Սերոբյանը նման սկանդալից հետո պետք է առնվազն նկատողություն տար Օֆելյա Հովհաննիսյանին, սակայն ամեն գնով պաշտպանում է նրան:
Ի դեպ, 168.am-ին տեղեկացրեցին, որ Օֆելյա Հովհաննիսյանը, շատ լավ տիրապետելով, թե «ֆեյք ուսանողի» գործով ԱԱԾ-ն ում է կանչում բացատրություն տալու, վերջիններիս հրավիրում է իր մոտ, ժողովներ է անում և կոնկրետ ուղղորդում է մարդկանց դեմ կեղծ ցուցմունք տալու համար և հիմնականում հանդիպում է «Սոցիոլոգիա առկա» մասնագիտության 1-ին կուրսում դասավանդած դասախոսների հետ:
Եվ այս պայմաններում դեռ ռեկտորի ժ/պ-ն սատարում է նրան: Ինչևէ, մեր աղբյուրները հայտնում են, որ ռեկտորի պաշտոնակատարի սատարումն իր գինն ունի:
Փետրվարի 19-ին տեղի կունենա ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը, որին մասնակցում է միայն մեկ հոգի` Երվանդ Սերոբյանը: Ու հենց այստեղ է ամբողջ ինտրիգը. Երվանդ Սերոբյանը ջանադրաբար պաշտպանում է Օֆելյա Հովհաննիսյանին միայն այն բանի համար, որպեսզի Օֆելյա Հովհաննիսյանի անմիջական ազդեցության տակ գտնվող համալսարանի հոգաբարձուների խորհրդի մեկ դասախոսը և երկու ուսանողներն իրենց ձայները տան իրեն՝ Երվանդ Սերոբյանին: Այսինքն` 3 հոգու ձայները Երվանդ Սերոբյանի ռեկտոր դառնալու համար բախտորոշ նշանակություն կարող են ունենալ:
Հիշեցնենք, որ Օֆելյա Հովհաննիսյանին դեկան նշանակեց նախկին ռեկտոր, նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը` արհամարհելով բուհ-ի կանոնադրության պահանջները:
Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Երվանդ Սերոբյանը, չնայած ռեկտորի միակ թեկնածուն է, և նրան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, շատ անհանգիստ է, որ կարող է կրկնվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունների պատմությունը, որտեղ ևս մեկ թեկնածու էր, բայց ընտրություններում տապալվեց:
Չնայած այն հանգամանքին, որ Շիրակի մարզի իրավապահ համակարգն ամեն գնով փորձում է կոծկել Սերոբյանի կողմից 2018-19 թվականների դասաբաշխումով նրա չկատարած պարտականությունները՝ լսարանային դասաժամերի չպարապելը և մանկավարժական պրակտիկայի չգնալն ու ամբողջությամբ վճարվելը, միևնույն է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ԿԳՄՍ) և ՇՊՀ-ում բավական ակտիվ քննարկվում է ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի այս գործելաոճը: