«Փաշինյանը և նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միշել-Փաշինյան-Ալիև հայտարարությանը՝ գրելով․

«Փաշինյանի եւ Ալիեւի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է.«Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։

1994 թվականից սկսած ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող բոլոր կարեւոր միջազգային փաստաթղթերը, լինի դա ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի կամ Եվրոպայի Խորհրդի բանաձեւերը, անդրադառնում են հակամարտությանը որպես «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եւ դիտարկում են Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը նույնպես օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները։ Չնայած հետագայում Ադրբեջանը պահանջել է այլեւս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, եւ եռակողմ հայատարարության երաշխավոր Ռուսաստանը, եւ դե֊յուրե դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպես շարունակում են օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը եւ, ըստ էության, դիտարկել Արցախը որպես տարածքային եւ քաղաքական միավոր, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված։

Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված էն Ադրբեջանի պահանջները, այլեւս որեւէ խոսք չկա դեռեւս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են որեւէ արձագանք տալ, իսկ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական հայտարարությունն արել է հանդիպման միջնորդ Միշելը։ Դիվանագիտական պրակտիկայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպման կողմերը որոշում են լիազորել միջնորդին ներկայացնելու հանդիպման արդյունքները, ինչը նշանակում է, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին։

Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հետաքրքիր է, Փաշինյանը եւ նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս