Երկիրը շարունակում է դատարկվել. 3 ամսում 8,1 հազարով ավելի շատ մարդ է գնացել, քան վերադարձել է
Իշխանափոխությունից հետո Հայաստանին «մեծ հայրենադարձություն» խոստացած իշխանությունը շարունակում է դատարկել երկիրը։ Մի կողմից՝ սոցիալական վիճակը, մյուս կողմից՝ անվտանգության հետ կապված խնդիրներն ու անորոշությունը շատերին ստիպում են հեռանալ երկրից։
Ղարաբաղյան պատերազմից անգամ մեկ ու կես տարի հետո հեռանկարները չեն երևում։ Իշխանությունների խոստացած խաղաղության օրակարգը հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա։ Ոչ մի հույս չկա, որ վաղը նույնը չի կրկնվի։ Ու դա ստիպում է շատերին իրենց ապագան այլ տեղ փնտրել։ Մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ծախսել, աներևակայելի դժվարությունների միջով անցնել՝ այլ երկրներում հաստատվելու համար։
Միայն անցած տարի Հայաստանից գնաց ու չվերադարձավ ավելի քան 73 հազար ՀՀ քաղաքացի։
Նման արտագաղթ վերջին տարիներին երբևէ չէր եղել։ Անցած տարի գրեթե կրկնակի շատ մարդ լքեց երկիրը, քան մինչև իշխանափոխությունն էր լքում։
Բայց նույնիսկ դրանից հետո արտագաղթը կանգ չի առել։ Այս տարվա սկզբին էլ մարդիկ շարունակել են հեռանալ։ Միգրացիոն հոսքերն էլի բացասական են։
Պաշտոնական տվյալներով, 3 ամսում Հայաստանից 8,1 հազարով ավելի շատ մարդ է դուրս եկել, քան վերադարձել։
Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե գնացածները գնացել են արտագնա աշխատանքի։ Այդպես մտածելու համար, գուցե որոշակի հիմքեր կան. ամեն տարի այս սեզոնին մեծ թվով քաղաքացիներ գնում են Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով։ Գնում են մեծամասամբ Ռուսաստան։ Տարիներ շարունակ Ռուսաստանը եղել է այն հիմնական երկիրը, որտեղ մեկնել են մարդիկ աշխատանք գտնելու ակնկալիքով։ Մեկնողների մի մասը հետո վերադարձել է, մի մասը մնացել է ու բնակություն հաստատել դրսում՝ համալրելով արտագաղթողների շարքերը՝ հետո տանելով նաև ընտանիքը։
Գրեթե միշտ այդպես է եղել։ Բայց այս տարին արտառոց է։ Տարեսկիզբը բոլորովին նպաստավոր չէր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար։
Փետրվարի վերջին սկսված ռուս-ուկրաինական հակամարտությունը խափանեց շատերի մտադրությունները։ Ռուսաստանի ֆինանսական շուկայում ու տնտեսական միջավայրում լուրջ խնդիրներ առաջացան։ Հակամարտության առաջին ամսվա ընթացքում կտրուկ թուլացավ ռուբլին։ Մարտի ընթացքում ռուսական արժույթը հասցրել էր մեծապես արժեզրկվել։
Մի կողմից՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն ու դրա հետևանքով ստեղծված լարվածությունը, մյուս կողմից՝ ռուբլու կտրուկ արժեզրկումն ու տնտեսական խնդիրները ստիպեցին շատերին այդ շրջանում հրաժարվել մեկնելուց։ Ընդհակառակը՝ Ռուսաստանից էին գալիս Հայաստան, այդ թվում՝ ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ռուսները։
Բայց նույնիսկ այդ պայմաններում մեկնողները մեր երկրից ավելի շատ են եղել, քան վերադարձողները։
Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։
Թեև ընդհանուր միգրացիոն հոսքերի առումով ևս միտումը նույնն է եղել՝ Հայաստան ավելի քիչ մարդ է եկել, քան գնացել է։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակին եկել է 438 հազար, գնացել՝ 441 հազար։
Մեկնողները 2,4 հազարով գերազանցել են եկողներին։
Եվ սա՝ այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում Ռուսաստանից, նաև Ուկրաինայից ու Բելառուսից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ էին տեղափոխվել Հայաստան։
Միայն Ռուսաստանից, տարբեր գնահատումներով, եկել է 75-80 հազար։ Նրանց մեծ մասը մինչև հիմա էլ շարունակում է մնալ մեր երկրում։
Ու անգամ այսպիսի հոսքերի պարագայում ունենք մուտքերի ու ելքերի բացասական հաշվեկշիռ։ Երկրից դուրս գնացողները գերազանցել են եկողներին։
Անցած տարի այս շրջանում, իհարկե, արտագաղթի պատկերն անհամեմատ ավելի տխուր էր։ 63 հազարով ավելի շատ Հայաստանի քաղաքացի էր գնացել, քան եկել էր։ Համավարակից հետո տարեսկզբին ժամանակավոր պատուհան էր բացվել երկրից դուրս գալու, նաև արտագնա աշխատանքի մեկնելու համար, ու շատերն օր առաջ փորձում էին օգտվել այդ հնարավորությունից։
Այս տարվա սկիզբին նման խնդիր չկար, փոխարենը՝ ռուս-ուկրինական պատերազմն էր դարձել խոչընդոտ մեկնելու համար։ Բայց այն բանից հետո, երբ ռուբլու դիրքերը վերականգնվեցին, ապրիլից վերսկսվեց Հայաստանից ակտիվ արտահոսքը Ռուսաստան։ Դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա ավելի ուշ կերևա։ Այդ ազդեցությունը կտեսնենք, երբ կհրապարակվեն երկրորդ եռամսյակի ցուցանիշները։
Այն, ինչ ունենք տարեսկզբի առաջին ամիսներին միգրացիոն հոսքերի առումով՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ քիչ կապ ունի։ Դա ավելի շատ կապված է արտագաղթի հետ, որը դադարելու միտում չունի։ Բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր մտադիր են հեռանալ երկրից։
Ոչ միայն չի վերականգնվում երկրի անվտանգությունը, այլև գնալով սրվում են սոցիալական խնդիրները։
Կյանքն էապես թանկացել է, իսկ իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում մարդկանց եկամուտներն ավելացնելու և թանկացումների ազդեցությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար։ Բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր զրկված են աշխատելու ու եկամուտ ստանալու հնարավորությունից։ Չհաշված, որ համատարած թանկացումների հետևանքով շատ աշխատողներ ևս սկսել են ավելի վատ ապրել, քան ապրում էին նույնիսկ մի քանի տարի առաջ։
Արտագաղթի պատճառները, անշուշտ, բազմազան են, բայց անկախ դրանցից՝ երևույթը լրջորեն անհանգստանալու ու մտահոգվելու հիմքեր է տալիս։ Երկիրը դատարկվում է, նվազում է մշտական բնակչության թիվը։
Նույնիսկ բնական վերարտադրությունը բավարար չէ բնակչության աճ ապահովելու համար։
Այս տարվա սկզբին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար, ինչը մեկ տարվա ընթացքում պակասել է ևս 2,3 հազարով։
Խնդիրն ինչպես արտագաղթն է, այնպես էլ՝ ծնելիությունն ու մահացությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ