Բաժիններ՝

Հայաստանի իշխանությունները սպասարկում են մեր էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերը թուլացնելու օրակարգը. Վահե Դավթյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդեռլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: Shell ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց ստեղծել Հայաստանում:

«Խնդիրն առավելապես աշխարհաքաղաքական է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ հղում անելով  ռազմավարական երկխոսության խորացման վերաբերյալ  Երևանի և Վաշինգտոնի վերջերս ընդունած համատեղ հայտարարությանը, որի շրջանակներում առանձնացված էր հատկապես էներգետիկ համագործակցության բաղադրիչը՝ ուղղված  հայաստանյան շուկայում ռուսական գործոնի նվազեցմանը:

Մեր զրուցակցի խոսքով, Shell-ի մուտքը հատկապես այս փուլում, երբ Մոսկվան հատուկ գործողություններ սկսեց Ուկրաինայում, սառեցրեց իր բոլոր ակտիվները Ռուսաստանում և դուրս եկավ բազմաթիվ նախագծերից, փաստում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները սպասարկում են Հայաստանի էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերի թուլացման օրակարգը: Այս ամենից պարզ է դառնում, որ Shell-ը ոչ մի կերպ չի համագործակցի ռուսական պետական Ռոսնեֆտ ընկերության հետ, որը բենզինի ու դիզվառելիքի գլխավոր ներկրողն է Հայաստան: Մեծ է հավանականությունը, որ Shell-ը դիզվառելիք կներկրի արևելյան Եվրոպայից, մասնավորապես՝ Ռումինիայից:

Ըստ վահե Դավթյանի, պետք է հաշվի առնել, որ Shell-ը բրիտանա-նիդեռլանդական  ընկերություն է և համագործակցության հարուստ փորձ ունի Ադրբեջանի հետ: Shell-ը երկար տարիներ տնօրինել է Ադրբեջանի խոշորագույն ԻՆԱՄ հանքավայրի 25 %-ը, այնուհետև այն վաճառելով կորեական ընկերություններին,  շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանի էներգետիկ կոնյունկտուրայում: Հետևաբար՝ այս ռիսկերը ևս պետք է հաշվարկել: Պետք չէ բացառել, որ Shell ընկերությունը կարող է «խաղաղության օրակարգի» հաստատման պարագայում բենզին ու դիզվառելիք ներկրել Ադրբեջանից:

«Զուտ կոմերցիոն տեսանկյունից հարցը դիտարկելով, կարծում եմ, որ ընկերությունը բացառապես եվրոպական շուկայից կներկրի դիզվառելիք, որովհետև Ադրբեջանն ինքն ունի նավթավերամշակման հզորությունների խնդիր, և Ադրբեջանում սպառվող բենզինի ու դիզվառելիքի առյուծի բաժինը ևս ներկրվում է կամ Ռուսաստանից, կամ Եվրոպայից»,- նշեց Վահե Դավթյանը:

 Աննա Դեմիրճյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս