Բաժիններ՝

Չինաստանը COVID-19-ի պատճառով պատրաստ չէ բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը

ՉԺՀ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը բացել Չինաստանի տարածքում համաճարակաբանական անբարենպաստ իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդել է Պրիմորսկի երկրամասի միջազգային համագործակցության գործակալության ղեկավար Ալեքսեյ Ստարիչկովը, որին տարածաշրջանի կառավարությունը վկայակոչում է իր տելեգրամ-ալիքում:

«Ինչպես պատմել է գերատեսչության ղեկավարը, ՉԺՀ-ում պահպանվում է COVID-19-ով հիվանդացության բարձր մակարդակը: Դրա հետ կապված շարունակում են մարդկանց եւ ապրանքների տեղաշարժման լուրջ սահմանափակումներ գործել տարբեր քաղաքների միջեւ, այդ թվում՝ սահմանամերձ Սույֆենհե, Դունինե եւ բնակավայրերում:

Ուստի դեռ չինական կողմը պատրաստ չէ ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Հետագա կանխատեսումներ անելը շատ դժվար է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պահանջներն այնքան խիստ են, որ առայժմ չի հաջողվում պայմանավորվել նույնիսկ այն բանի շուրջ, որպեսզի բեռնատար ավտոմեքենաների վարորդները, որոնք փոխադրումներ են իրականացնում երկրների միջեւ, գիշերը մնան Չինաստանում: Նրանք ստիպված են վերադառնալ այն նույն օրը, երբ հատել են սահմանը: Ավելի վաղ Ռուսաստանը հանել էր COVID-19-ի տարածման սպառնալիքների պատճառով գործող ռուսաստանցիների ելքի, Չինաստանի հետ սահմանի ցամաքային տեղամասով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի սահմանափակումները:

Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել են մարտի 14-ին: Ինչպես հաղորդվել է, Չինաստանը պահպանում է COVID-19-ի նկատմամբ «զրոյական համբերություն» քաղաքականությունը: Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի եւ պարտադիր կարանտինի միջոցով նրանց համար, ովքեր շփում են ունեցել ախտահարվածների հետ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 220,7 հազար դեպք եւ գրեթե 5,2 հազար մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս