Ուզում եք ձեր վերջը մոտենա, Չալաբյանից հետո ևս տասին տարեք. դա ցույց կտա ձեր դեմ ժողովրդի ցասումը. Հովհաննես Գալստյան
Մենք պետք է համարձակություն ունենանք ու խոստովանենք՝ ունեցել ենք ոչ թե իրական, այլ մշակութային ֆեյք էլիտա։ Էլիտան ձևավորվում է բախման մեջ, հերոս են կերտվում կրիտիկական պահերին, հիմա և՛ բախում կա, և՛ կրիտիկական պահ, սակայն չկան ո՛չ հերոսները, ո՛չ էլիտաները, որոնք պետք է գային ու թույլ չտային, որ հասարակությունն այսպես պառակտվեր. չկան, որովհետև իրականում չեն եղել. նրանք ֆեյք էին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ներհայաստանյան համերաշխության մթնոլորտի բացակայության ու դրան զուգահեռ՝ պետությանը սպառնացող վտանգների մասին, նման պնդում արեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
«Մենք չունենք մշակութային գործիչներ, չունենք մեծ էլիտաներ. այն, ինչ ունեցել ենք, ունեցել ենք, որովհետև սուրբ տեղը պետք է դատարկ չմնար։ Նրանց այդ տեղերում նշանակել են ու դարձրել մեծեր. դարձնողների թվում էին նաև լրատվամիջոցները»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ կոչումներ բաժանելով իրեն չքննադատողներին՝ իշխանությունը շոյել է արվեստագետների գլուխը, ինչի արդյունքում մշակույթի գործիչներն ուղղակի սերտաճել են օրվա իշխանությանը, ինչը մեծ սխալ է։
Գալստյանի փոխանցմամբ՝ իշխանությանը սերտաճած և իրենց արվեստագետ ու մտավորական համարող մարդիկ, այսօր՝ պետականության առաջ ծառացած կենսական մարտահրավերների ժամանակ անգամ, նախընտրում են լռել. լռում են, որովհետև գումար են աշխատում այդ իշխանության կողմից իրագործվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։
«Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունն ունի դրամաշնորհային մի ծրագիր, որի շրջանակներում արվեստագետներն ու մշակույթի տարբեր գործիչներ գնում են դպրոցներ՝ դասեր տալու, և դրա դիմաց ստանում են գումարներ՝ իհարկե, սիմվոլիկ։
Հիմա եթե այդ ցանկից որևէ արվեստագետ համարձակվի խոսել երկրի մասին, կզրկվի այդ գումարից»,- ասաց Հովհաննես Գալստյանը։
Կինոռեժիսորի խոսքով՝ ստացվում է՝ մի դեպքում իշխանությունն օգտագործում է փողը, մյուս դեպքում՝ քրեական գործերը, որոնք հարուցվում են իշխանության քննադատների նկատմամբ, սակայն դրանք հարուցողները մի պարզ բան հաշվի չեն առնում՝ քրգործի տեսքով մահակները դադարում են արդյունավետ լինել։
«Այդ մահակները միանգամյա ազդեցության են. երկրորդ անգամ ոստիկանական համակարգը դրանց պարզապես չի ենթարկվում, ավելին՝ դեգրադացվում է։ Երիտասարդներին բռնում, տանում, նստեցնում են. դա չի՛ աշխատում, փոխարենն իշխանության այդ քայլերը հոգեվարքի դրսևորում են դառնում։ Հիմա մազոխիստական ու դաժան բան եմ ասելու. եթե ուզում եք ձեր վերջը մոտենա, Ավետիք Չալաբյանից բացի, ևս մի տասը հոգու տարեք. դա և բիրտ ուժի կիրառումը տասնապատկելու է ձեր նկատմամբ ցասումը։ Ձեզ սխալ տեխնոլոգներ են ինֆորմացնում՝ ձեր նկատմամբ ժողովրդի մեջ կա ահռելի մեծ ցասում»,- ասաց Գալստյանը՝ իշխանությանը հիշեցնելով՝ ազգը կորստի տարած իշխանությունը պետք է հեռանա՝ իր հետ տանելով այս աղետի համար իր պատասխանատվության բաժինը, պետք է հեռանա, որ ազգը պարտվողի հոգեբանությամբ չապրի։։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում