Օրենսդրական փոփոխություններ՝ քաղաքական նպատակահարմարությամբ
Մինչ Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաքում ընթանում են բողոքի ու անհնազանդության մեծամասշտաբ ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, իշխանությունը շարունակում է Ազգային ժողովում ընդունել սեփական քիմքին հարմար օրենքներ՝ օժտելով Փաշինյանին ավելի լայն լիազորություններով ու միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությամբ:
Ինչպես, օրինակ, Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմին դարձնելու նախագիծը: Հերթը հասել է «Տեղական ինքնակառավարման մարմնի» մասին օրենքին, որում փոփոխություն ու լրացում անելու համար մայիս 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկու ընթերցմամբ, բացառապես իշխանական խմբակցության մասնակցությամբ, ընդունվեցին նշված օրենքում առաջարկված փոփոխությունները:
Օրինագծի համահեղինակներ՝ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանն առաջարկել էին լրացում կատարել օրենքի 102-րդ հոդվածում, ըստ որի՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված սահմանափակումը չի գործում:
Ըստ այդ սահմանափակման, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար: