Բաժիններ՝

Ե՞րբ կկարողանանք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները

Զգացե՞լ եք, թե որքան հաճախ ենք ինքներս մեզ տալիս «ինչո՞ւ» հարցը: Այն կարծես դարձել է մեր մարդկային բնության արտահայտությունը։ Մենք տալիս ենք այդ հարցը հատկապես ցավի և տառապանքի մեջ։ Մեզ միշտ թվում է, եթե հասկանանք ցավի պատճառը, ցավը կթեթևանա, կամ առնվազն տանելի կդառնա։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Անքննելի են երկնքի բարձրությունները, երկրի խորությունները, թագավորի սիրտը» (Առակներ 25.3)։

Մեր կյանքում երբեմն տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնց պատճառները չենք կարողանում հասկանալ, այստեղից էլ առաջանում է հոգին տանջող ու մեզ մաշող «ինչու՞» հարցը: Թվում է՝ երբ այդ հարցը տալիս ենք Տիրոջը, Նա հենց նույն պահին էլ պետք է պատասխան տա մեզ: Իրականում, այդ ինչուների պատասխաններին գուցե շատ երկար սպասենք, անգամ տարիներով, սակայն մի օր հասկանալու ենք, պատճառները, բայց մինչ այդ համբերություն է պետք, սպասելու ու տեսնելու կարողություն:

Աստված պարտավոր չէ մեզ բացատրություններ տալ։ Նա պարտավոր չէ, որևէ բան ձեռնարկելուց առաջ, մեր թույլտվությունը հարցնել։

«Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ՝ ինչպես որ Նա ճանաչեց ինձ» (Ա. Կորնթացիներին 13.12)։

Մի օր կտեսնենք հստակությամբ, բայց այժմ իրերը մշուշի մեջ են և մեր սահմանափակ ու վերջավոր բանականությամբ չենք կարող ամեն բան հասկանալ և ըմբռնել։

Մի օր ամեն բան հստակ կլինի, կիմաստավորվի, և այդ օրը պիտի ասենք. «Ա՜հ, հիմա եմ հասկանում, թե ինչո՛ւ Աստված թույլ տվեց դա իմ կյանքում»։ Իսկ մինչ այդ օրվան հասնելը՝ Աստված հորդորում է վստահել ու հավատալ Իրեն։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս