«Թուրքիան ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը երբևէ չի ունենալու որևէ պահանջ, այդ թվում՝ տարածքային»․ ինչի՞ շուրջ համաձայնության չեն գալիս կողմերը․ մեկնաբանում է ռուս թուրքագետը

Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ՝ մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի հետ ու Հայաստանի շուրջ։

Օրերս՝ մայիսի 3-ին, Վիեննայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների թվով երրորդ հանդիպումը, որի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները նույնանման հաղորդագրություն են տարածել շատ սուղ տեղեկատվությամբ։

Դրանում ասված է․ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների»:

Կարևոր է հիշեցնել գործընթացի մի շարք ուշագրավ հանգամանքներ․ հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին, ինչպես նաև մի շարք այլ կարևոր նորություններ առաջինը հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի ուշ պաշտոնական Երևանը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հաստատել էր տեղեկությունը: Վերջերս թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում Չավուշօղլուն Հայաստանին կոչ էր արել ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում կազմակերպվող հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:

Արձագանքելով Չավուշօղլուի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել էր՝ եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։

Ըստ նրա՝ թուրքական կողմի՝ Երևանում և Անկարայում հանդիպելու առաջարկը «վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի»։

«Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- ասել էր նա։

Նա նաև հաղորդել էր, որ թուրքական կողմին առաջարկել են առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է:

«Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի»,- նշել էր Հունանյանը։

Սրան հաջորդել էր երրորդ հանդիպմանն ընդառաջ Չավուշօղլուի մեկ այլ հետաքրքրական հայտարարություն, թե համաձայնություն է կայացվել երկու երկրների «սահմանները կրկին որոշելու» հարցում՝ չբացառելով, որ կստեղծվի համատեղ հանձնաժողով, ինչպես նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի դեպքում: Սակայն ՀՀ ԱԳՆ խոսնակը հերքել էր սա։

Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպմանը զուգահեռ՝ տեղի էր ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման օրակարգային հարցերից մեկը հայ-թուրքական նորմալացումն էր։

«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թեև Հայաստանի ու Թուրքիայի միջև կազմակերպվել է 3 պաշտոնական հանդիպում, որը ենթադրում է դրանից առաջ ու այդ ընթացքում ահռելի դիվանագիտական աշխատանք, բանակցություններ, բայց այդ հանդիպումներից հետո տարածվող հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում միմյանցից և չեն արտացոլում իրականում այն, ինչ կատարվում է կողմերի միջև, դրանք վերլուծելու որևէ նյութ չեն պարունակում։

Նրա կարծիքով, գործընթացը պահվում է փակ։ Սակայն, վերլուծաբանի դիտարկումների համաձայն, այս ընթացքում նկատելի է, որ շատ ավելի հետաքրքրական ու ինֆորմատիվ են թուրքական կողմի դիվանագիտական հայտարարությունները, խոսքը Չավուշօղլուի հայտարարությունների մասին է։

«Պետք է նկատել, որ Թուրքիայի ԱԳ նախարարը բավականին անկեղծ է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս, գործում է բավականին բաց, ինչը հնարավոր չէ ասել հայկական կողմի մասին, որը փորձում է կարծես թաքցնել։ Հստակ է, որ Չավուշօղլուն պահանջում է վերացնել բոլոր միջնորդներին, գործընթացը փորձում է տանել թյուրքական դաշտ, անօգնական, առանց հենակետերի թողնելով Հայաստանին, որպեսզի վերջինս դիվանագիտական մանևրների որևէ հնարավորություն չունենա։ Չավուշօղլուն նաև փորձում է անընդհատ տալ տեղեկատվություն, թե որպես հաջորդ քայլ՝ ինչ է տեղի ունենալու, և այս ամենում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Թուրքիան ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը երբևէ չի ունենալու որևէ պահանջ, այդ թվում՝ տարածքային, հենց այդ պատճառով առաջ է քաշվում սահմանագծման թեման։

Գոնե այս պահին այդպես եմ տեսնում իրավիճակը։ Մյուս հանգամանքը՝ հայկական կողմն առաջարկ է արել որոշակի խմբի մարդկանց համար բացել սահմանը, սա նշանակում է, որ Հայաստանն էլ գերնպատակ ունի հասնել առաջընթացի, սակայն շրջանցելով մի շարք հարցեր, իսկ թուրքական կողմը մերժել է կամ այս փուլում չի համաձայնել, քանի որ ակնկալում է, որ որպես առաջին քայլ՝ այլ հարցեր պետք է քննարկել։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի պարտավորություններին և հայկական կողմից Թուրքիայի համար բոլոր հնարավոր սպառնալիքների վերացմանը։ Այս երկու հանգամանքն ուշագրավ էր, քանի որ կան քննարկումներ, կա նորմալացնելու ցանկություն, սակայն Թուրքիայի քաղաքականությունը ցանկանում է ըստ էության վերացնել հայկական՝ որևէ ձևաչափով պահանջատիրության սպառնալիքը, հետո անցնել սահմանի բացմանը։

Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ պետք է որոշի հայկական կողմը, սակայն այս երկու դրվագով տեսանելի եղավ, որ գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանն ու Թուրքիան որոշ դյուրացումներ արեցին, հաղորդակցական որոշ ուղիներ հաստատեցին, բայց կան կարծր հարցեր, և այստեղ հանգում ենք նրան, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականության հետ ամենևին հեշտ չէ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե իր տպավորությամբ՝ գուցե գործընթացը երկարաձգվի։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ շատ բան արդեն կախված է թե՛ ուկրաինական պատերազմից, քանի որ հայ-թուրքական երկխոսությունը սկսվեց Մոսկվայում, և հայ-թուրքական հեռանկարները առնչություն ունեն նաև ՌԴ ազդեցության հետ Հարավային Կովկասում, թե՛ ՀՀ ներքաղաքական զարգացումներից։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ում այս թեմայով քննարկումները պատահական չեն, ԱՄՆ-ը շահագրգիռ է, որ Թուրքիայի հետ սերտ աշխատի, Թուրքիան չունենա խնդիրներ, կարողանա ազդեցություն սահմանել և թուլացնել Ռուսաստանին։

«Սակայն Թուրքիայի քաղաքականությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, այդ դիրքի շնորհիվ էլ Թուրքիան դառնում է խաղացող ուկրաինական հարցով իր միջնորդություններով, ուստի միանշանակ ասել, որ Արևմուտքի այս հաշվարկները կպսակվեն հաջողությամբ՝ սխալ է։ Սակայն դա նաև չի նշանակում, որ Ռուսաստանը մտահոգվելու հարցեր չունի, ընդհակառակը՝ այդ հարցերը չափազանց շատ են։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի դիվանագիտությանը բարդ խնդիրներ են սպասվում։ Կարծում եմ՝ այս փուլում առանձնահատուկ շտապողականությունը չի հաջողվելու, դա նաև չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ Ուկրաինան շատ բան է որոշելու։ Իսկ ուկրաինական սցենարն ինքնին երկարաձգվում է, սրանք բոլորը որքան էլ տարբեր, միաժամանակ՝ նաև փոխկապակցվածություն ունեցող հարցեր են, ուստի որևէ հարց մյուսից անջատ դիտարկելը բարդ է լինելու»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս