
Թրամփն առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկային՝ թմրանյութերի լաբորատորիաները ոչնչացնելու համար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի օբյեկտներին՝ երկրում թմրանյութերի լաբորատորիաները ոչնչացնելու համար: Այդ մասին հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերին:
Իր հուշագրություններում, որոնց նախնական օրինակներին հաջողվել է ծանոթանալ հրատարակությանը, Էսփերը գրում է, որ Թրամփը թմրանյութերի լաբորատորիաները ռմբակոծելու գաղափարը առնվազն երկու անգամ բարձրացրել է 2020 թվականի ամռանը: Նրա խոսքով՝ նախկին նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «հրթիռներով հարված հասցնի Մեքսիկային՝ թմրանյութերի արտադրության լաբորատորիաները ոչնչացնելու համար»:
Էսփերի առարկությանը Թրամփը հայտարարել է. «Ոչ ոք չի իմանա, որ դա մենք ենք եղել»: «Մենք կարող էինք պարզապես մի քանի Patriot հրթիռ արձակել եւ հանգիստ կերպով ոչնչացնել լաբորատորիաները»,-հրատարակությունը մեջբերում է նախկին նախագահի խոսքը: Նշվում է, որ Պենտագոնի նախկին ղեկավարն սկզբում կարծել է, որ դա կատակ է, բայց, նայելով նախագահին, փոխել է իր կարծիքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: