Եվրամիությունը մտադիր է համագործակցել Աֆրիկայի երկրների հետ էներգետիկական ոլորտում. Bloomberg
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է համագործակցել Աֆրիկայի պետությունների, մասնավորապես, Անգոլայի, Նիգերիայի եւ Սենեգալի հետ, էներգետիկական ոլորտում, որպեսզի կրճատի իր կախվածությունը ռուսական գազի ներմուծումից:
Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության փաստաթուղթը: Գործակալության տեղեկատվությամբ՝ Աֆրիկայի երկրների հետ գազի մատակարարումների շուրջ համաձայնագիրը Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է մշակել արդեն մայիսին՝ ռուսական էներգակիրներից ԵՄ-ի կախվածության կրճատման պլանի իրականացման փաթեթի շրջանակներում:
Ավելի վաղ ԵՀ-ում հիշեցրել են, որ ԵՄ-ի պետությունները ՌԴ-ից ստանում են գազի 40 տոկոսը, նավթի 27 տոկոսը եւ ածխի 46 տոկոսը: Ածխի մատակարարումների բռնարգելքը դարձել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մի մասը: Այն հաստատվել է ապրիլին եւ ուժի մեջ կմտնի օգոստոսին: Մայիսի 2-ին էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Կադրի Սիմսոնը Բրյուսելում ԵՄ-ի խորհրդի արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՀ-ն ռուսական գազի դիմաց ռուբլով վճարները համարում է պատժամիջոցների ռեժիմի խախտում, բայց մոտ օրերս Միության ընկերություններին կներկայացնի մանարմասն պարզաբանումներ հնարավոր հետագա գործողությունների եւ վճարման ուղիների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: