Ոստիկանության զորքերը և ՊՊԾ գունդը՝ անհամաչափ ուժի կիրառմամբ ու բռնություններով կոպտորեն խախտել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Միջանկյալ այս զեկույցուվ ամփոփվել է մշտադիտարկման ընթացիկ արդյունքները և հավաքների ազատության իրավունքի արձանագրված կոպիտ խախտումները։

2022 թվականի ապրիլի 25-ից ընդդիմադիր մի շարք ուժերի Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները իրականացնում են խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները իրականացնում են հավաքների ամենօրյա դիտորդություն։

Զեկույցի նախաբանում իրավապաշտպան կազմակերպությունը համապասխան հղումներով նշել է, որ ՀՀ ԱԱԾ կողմից ապրիլի 30-ին տարածված հայտարարությունը զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգների վերաբերյալ, ՀՀ Ոստիկանության կողմից մայիսի 1-ին տարածված հայտարարությունը հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ չկրելու պարտավորությունը հիշեցնելու վերաբերյալ հայտարարությունները առաջացնում են մտահոգություն՝ հաշվի առնելով, որ վերը նշված ժամանակահատվածում անցկացված հավաքները կրում են խաղաղ բնույթ։

Մշտադիտարկման ընթացքում վերհանված խախտումները

Անհամաչափ ուժի կիրառում և բռնություններ

Դիտարկված հավաքների ընթացքում ոստիկանության, հատկապես՝ ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ, որի մասին Կոմիտեն ահազանգել էր ապրիլի 26-ի հայտարարությունում։ Հետագա օրերին տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ և բռնի ուժի կիրառման դեպքերը ավելացել են։

Առկա են մի շարք արժանահավատ վկայություններ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում ֆիզիկապես տուժած քաղաքացիների վերաբերյալ։ Ոստիկանության գործողությունների ընթացքում վատացել էր «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը։ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և իր աշխատակիցը բռնություն են կիրառել MediaHub լրատվամիջոցի լրագրողի և օպերատորի նկատմամբ, խոչընդոտել վերջիններիս կողմից հավաքների լուսաբանման գործողությունները։ Ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին հարվածներ հասցնելու դեպքեր են դիտարկվել նաև Իտալիայի և Մովսես Խորենացու փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի գործողությունների ընթացքում  (17-րդ րոպեից)։

Բողոքի գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանը,  ինչպես նաև սահմանափակվել է ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանի ազատությունը:  

Արձանագրվել են ոստիկանների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ բացահայտ բռնության դեպքեր։ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի գործողությունների մասնակցի գլխին ոստիկանության ծառայողը բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ կրելով կոշտ ձեռնոցներ։ Համաձայն ՀՀ ոստիկանության՝ մայիսի 2-ին տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 244 անձ։

Օրենքի կամայական մեկնաբանություն և կիրառություն

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են օրենքի կամայական մեկնաբանություններ՝ հավաքների ազատության համատեքստում։ Օրինակ՝ ապրիլի 29-ին «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Ա․ Զոհրաբյանին ոստիկանության ներկայացուցիչը թույլ չտվեց հավաքի վայրից մոտենալ Կառավարության նստավայրին՝ արգելքը հիմնավորելով Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառմամբ։ Նշված հոդվածը հետիոտնի շարժի սահմանափակման լիազորություն տրամադրում է միայն իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար և կիրառելի չէր վերը նշված դեպքում։ Ապրիլի 25-ին տեղի ունեցած հավաքներից մեկի ընթացքում ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել մասնակիցներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքին, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ օրենքով։

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից թույլ տրված այլ թերություններ և խախտումներ։ Դիտարկվել են ՀՀ կառավարության նստավայրի առջև անցկացվող հավաքների նկատմամբ տարբերակված մոտեցման և անհարկի սահմանափակումների դեպքեր։ Օրինակ՝ ապրիլի 29-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց մոտենալ նստավայրի մուտքին, առանց ներկայացնելու սահմանափակման հիմնավորումը։ Մասնակիցների կողմից բերված՝ ՀՀ իշխանություններին քննադատող նյութերը կառավարության շենքին մոտ դնելուն պես ոստիկանությունը բերման ենթարկեց հավաքի 10 մասնակցի։

Ոստիկանին անձնապես նույնականացնելու խոչընդոտներ

2021 թ․-ին սահմանվեց արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանը։ Այդուհանդերձ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ խաղաղ հավաքների վայրերում ծառայություն իրականացնող բազմաթիվ ոստիկաններ տարբերանշաններ չեն կրում։ Մայիսի 2-ի առավոտյան տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններին մասնակցել են դեմքը ամբողջությամբ ծածկող դիմակներով, առանց տարբերանշանի, ոստիկանության համազգեստ կրող անձինք։

Ոստիկանության ծառայողների կողմից տարբերանշանները չկրելը կարող է դժվարացնել ոստիկանների հետագա նույնականացումը՝ հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության գործողությունները վիճարկելու պարագայում, ինչպես նաև նվազեցնել ոստիկանության ծառայողների զսպվածությունը հավաքների ընթացքում գործողություններ ձեռնարկելիս։ Դիմակավորված ոստիկանների առկայությունը հավաքների ընթացքում և վերջիններիս կողմից հավաքների ազատության իրավունքի նկատմամբ միջամտություններ իրականացնելը անթույլատրելի է։

Առաջարկություններ

Սույն միջանկյալ զեկույցում նկարագրված խախտումները աննախադեպ են տևական ժամանակաշրջանի համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝

1. Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։

2. Բացառել հավաքների վայրերում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշան չկրող, ինչպես նաև դիմակավորված ոստիկանների ներկայությունը։

3. Բազմամարդ հավաքների մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնող ցուցարարների հետ բոլոր առնչությունների ընթացքում դրսևորել զսպվածություն, լարվածության պարագայում ցուցաբերել դրա թուլացմանն ուղղված գործողություններ և բանակցային հմտություններ։

4. Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։

Տեսանյութեր

Լրահոս