
Ելքը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն ու ժամանակավոր Կառավարություն ձևավորելն է. Մենուա Սողոմոնյան

«Սիրելի երիտասարդներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարում, հատկապես վերջին 1.5 տարում Հայաստանը վերածվել է ձախողված պետության: Մեզ համար, ցավոք, սովորական են դարձել կեղծիքը, սուտը, մոլորությունը, ապօրինությունը, անպատասխանատվությունն ու կառավարելու անկարողությունը: Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին ու սկզբունքներին»,- Ֆրանսիայի հրապարակից որպես մանկավարժ և որպես դասախոս՝ երիտասարդներին դիմեց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն իշխանության է եկել ժողովրդավարություն հաստատելու, իշխանության թևերը տարանջատելու և հավասարակշռելու լոզունգով, բայց մենաշնորհել է ողջ պետական համակարգը:
«Նա իշխանության է եկել կոռուպցիան արմատախիլ անելու լոզունգով, բայց փոխարենը՝ շարունակում է այն հովանավորել ու վերարտադրել, նա խոստացել է սոցիալական արդարություն ապահովել, բայց հանրային միջոցները բաշխում է և պետությունը կառավարում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Նա ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ձևաչափի շրջանակներում: Իր այդ ձախողումը խոստովանելու, ընդունելու փոխարեն՝ նա կրկին մեղքը գցում է այս կամ այն պաշտոնյայի վրա»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը՝ շեշտելով, որ ելքը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն ու ժամանակավոր Կառավարություն ձևավորելն է։