Բաժիններ՝

Ինչո՞ւ են ձախողվում կրթական բարեփոխումները

Կրթության համակարգը փոխելու մասին խոսելիս, մենք հաճախ կենտրոնանում ենք բուն կրթական հարցերի վրա։ Օրինակ՝ մտածում ենք, որ կրթության վիճակը վատ է, քանի որ դասագրքերը վատն են։ Կամ մտածում ենք, որ ուսուցիչները չեն տիրապետում դասավանդման արդյունավետ մեթոդներին, դրա համար կրթությունն արդյունք չի տալիս։ Նման մտածելակերպով առաջնորդվելով՝ մենք փոխում ենք դպրոցների կառավարման ձևը, վերանայում չափորոշիչները և դասագրքերը, վերապատրաստում տնօրեններին և ուսուցիչներին՝ հուսալով, որ արդյունքի կհասնենք։ Ու ամեն անգամ փոփոխություններն ավելի հավակնոտ ու արմատական են թվում։ Բայց, ի վերջո, բան չի փոխվում։  Ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում՝ «ինչքան շատ ենք փոխում, այնքան բան չի փոխվում»։

Խնդիրն այն է, որ կրթական բարեփոխումները կարող են օգուտ բերել, եթե հասարակությունում կա բարենպաստ միջավայր սովորելու համար։ Դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորն ասում էր, որ սովորելու համար անհրաժեշտ է ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև այնպիսի պայմանների առկայություն, որոնցում այդ փոխանցումը հնարավոր կդառնա։ Եթե այդ պայմանները չկան, ապա, ըստ Կիերկեգորի, ուսուցիչը դառնում է անզոր։ Բերեմ պարզ մի օրինակ։ Աշակերտը դպրոցում վատ է սովորում։ Բայց երբ սկսում է նույն ուսուցչի մոտ պարապել բուհ ընդունվելու համար, ավելի լավ արդյունք է ցուցաբերում։ Առարկայի ծրագիրը, ուսուցիչը և աշակերտը նույնն են։ Փոխվում են սովորելու պայմանները. դիմորդը վճարում է, ունի հստակ նպատակ, պարապող խումբն ավելի փոքր է և մոտիվացված, պարապող ուսուցիչը ցանկանում է մասնագիտական համբավ ձեռք բերել։ Պայմանների այս փոփոխությունը բերում է ավելի լավ արդյունքի։

Ցավոք, մենք հիմա ապրում ենք մի ժամանակում, երբ սովորելու պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն։ Իհարկե, այսօր շատ դրական փոփոխություններ կան աշխարհում։ Գիտելիքը դարձել է ավելի հասանելի, ինչի արդյունքում հնարավոր է շատ բաներ անվճար կարդալ, սովորել։ Բայց պարզվեց, որ կան մարդու վրա ազդող ավելի ուժեղ գործոններ, քան գիտելիքի մատչելիությունը։

Օրինակ՝ դրանցից մեկը մարդու մտավոր ծանրաբեռնվածությունն է։ Մեր օրերում մարդիկ հարյուրավոր փոքր որոշումներ են կայացնում մեկ օրվա ընթացքում։ Քանի որ մարդկանց տրվել են գործելու ավելի մեծ հնարավորություններ, ապա մենք ստիպված ենք ավելի շատ հարցերի շուրջ որոշումներ կայացնել՝ ունենալով ընտրության ավելի մեծ հնարավորություններ։ Այս ամենը ժամանակատար է, մեզանից խլում է հսկայական ժամանակ և էներգիա՝ ավելի քիչ ժամանակ թողնելով սովորելու համար։

Բերեմ իմ օրինակը։ 15 տարի առաջ ես ամիսը մեկ անգամ գնում էի իմ սիրելի գրախանութը, որտեղ ինձ ներկայացնում էին այն 6-7 նոր հրատարակված գրքերը, որոնք իմ հետաքրքրությունների շրջանակում էին։ Ես գրախանութում ծախսում էի 30 րոպե այդ գրքերին կարճ ծանոթանալու և դրանցից ընտրություն կատարելու վրա։ Այսօր ես արդեն օրական 30 րոպե եմ ծախսում այդ գործի վրա, քանի որ էլեկտրոնային փոստի, սոցիալական ցանցերի միջոցով անընդհատ ստանում եմ նոր հրատարակված գրքերի մասին տեղեկություններ։ 15 տարի առաջ ես ամսական 30 րոպե էի ծախսում գրքեր ընտրելու վրա, այսօր ծախսում եմ ամսական 15 ժամ։ Մարդիկ օրական հսկայական ժամանակ են ծախսում նման բազմազանության մեջ ընտրություն կատարելու վրա։ Սա վերաբերում է նաև աշակերտներին։

Աշակերտներն օրական մեծ ծավալի ժամանակ են ծախսում այն բանի վրա, թե ինչ գնեն, ինչ դիտեն, ինչ կարդան, ուր գնան։ Եթե 1970-ական թվականներին սուպերմարկետներում վաճառվող ապրանքների տեսականին 9000 էր, ապա այսօր այդ թիվը հասել է 40000-ի։ Սովորական մարդը դրանցից ընտրում է մոտ 150-ը։ Այսինքն՝ սուպերմարկետում մենք հանդիպում ենք մոտ 39850 ապրանքի, որոնք չենք գնելու։ Այս ամենը չի կարող չհոգնեցնել մարդուն։ Ինչպես նշում է հոգեբան Բարի Շվարցը, ընտրության նման բազմազանությունը ոչ թե ընդլայնում է մարդկանց հնարավորությունները, այլ պարալիզացնում է նրանց, որովհետև մարդը հաճախ չի կողմնորոշվում, թե որ մեկն ընտրի։

Սովորելու ամենակարևոր ցուցիչը ոչ թե այն է, թե ինչ ենք սովորեցնում, ինչպես, ինչքան, այլ այն, թե ինչ է կատարվում սովորողների գլխում։ Այս առումով իրավիճակը բավականին մտահոգիչ է։ Սովորողների գլխում այնպիսի խառնաշփոթ է, մառախուղ, որ դասագրքերի նյութերը պարզապես տեղ չունեն։ Սովորելու համար երեխաները պետք է շատ ավելի հանգիստ և դանդաղ կյանքով ապրեն։ Բայց այսօրվա բիզնես ինդուստրիան մարդուն ոչ հանգիստ է թողնում, ոչ էլ դանդաղ գործելու հնարավորություն է տալիս։ Ամեն ինչ դառնում է հասանելի, արագ և բազմազան։ Երբ ամեն ինչ դառնում է հասանելի, քանդվում են հեղինակության, միասնականության վրա կառուցվող ինստիտուտները, որոնց թվում են նաև դպրոցները, քոլեջները, համալսարանները։ Ամեն մեկը սկսում է մտածել այնպես, ինչպես իրեն հարմար է, ինչպես թույլ է տալիս իր մտահորիզոնը։ Մարդուն այլևս պետք չեն հեղինակությունները, որոնք նախկինում հասարակությունը միավորող ուժ ունեին։ Ամեն ինչ ֆրագմենտացվում է, մասնատվում։ Մակերեսայինը սկսում է դուրս մղել խորքայինին։

Դժվարանում է հասարակությանը բանականի, տրամաբանականի սահմաններում պահելը։ Բանականը և տրամաբանականը կառուցվում են ընդհանրության, ունիվերսալության վրա։ Բայց մեր հասարակությունն այնքան պառակտված է, որ ոչ մի ունիվերսալ կանոն չի գործում։ Նման պայմաններում շատ դժվարանում է ուսուցչի գործը, որը փորձում է երեխաներին բանականի ու տրամաբանականի մասին սովորեցնել։

Սա է պատճառներից մեկը, որ կրթական բարեփոխումներն արդյունքի չեն բերում։ Մենք այդ բարեփոխումները կառուցում ենք ոչ բարենպաստ հողի վրա։ Կարճ ասած՝ առանց հիմքի տուն ենք կառուցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս