Աշխարհի շատ երկրներում դպրոցի տնօրեն դառնալու համար դու ոչ միայն պետք է հավաստագիր ունենաս, այլև մասնագիտական կրթություն. Կրթության փորձագետ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր կարգավորումներ է մշակում, համաձայն որոնց՝ տնօրենը քվեարկությամբ չի ընտրվի, այլ կնշանակվի լիազոր մարմնի կողմից։ Ըստ գործող կարգավորման՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ։ Նոր կարգավորմամբ՝ այս գործառույթը վերապահվում է մասնագիտական հանձնաժողովին․ տնօրենին կնշանակի լիազոր մարմինը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ այն, որ խորհուրդները չեն աշխատում, ընդունում է նաև նախարարությունը, և կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում այդ մասին նաև դրույթ կա, որ դպրոցական խորհուրդները ձևական բնույթ են կրում, ուստի այս իրավիճակում նախարարությունը երկու ճանապարհ ուներ. կամ փորձել զարգացնել խորհուրդները, կամ գնալ այլ ճանապարհով:
«Խորհուրդներն ունեն մի շարք լիազորություններ, բայց չգիտես ինչու, ամեն ինչ կարծես կենտրոնացած է միայն տնօրենի ընտրության պրոցեսի վրա: Հիմա այդ լիազորությունը վերցնում են՝ հնարավորություն տալով մյուս կետերն առաջ տանել. զարգացման ծրագիր, բյուջեի քննարկում և այլն: Եթե նոր համակարգը հնարավոր լինի պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից, ապա գուցե ավելի արժանավոր մարդիկ տնօրեն ընտրվեն: Քանի որ, եթե մասնագիտական խորհուրդն է վերջնական քվեարկություն կատարելու, ապա այդ խորհրդի անդամները, լինելով կրթության ոլորտի մարդիկ, մասնագիտական տեսանկյունից կկարողանան որոշել, թե որ թեկնածուներն են առավել արժանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Սակայն այս փոփոխության մեջ մեծ բան չեմ տեսնում: Նախկինում էլ օրենքով այնպես էր, թե իբր խորհուրդն է ընտրում, բայց, բնականաբար, խորհրդի վրա լինում էին ազդեցություններ: Հիմա այս մասնագիտական խորհրդին պետք է պաշտպանել դրանից և այդ դեպքում գուցե ունենանք ավելի լավ տնօրեններ»,- մեզ հետ զրույցում նշեց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետը ցավով արձանագրեց՝ Հայաստանում դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուները կրթության կառավարման մասնագիտացում չունեն:
«Աշխարհի շատ երկրներում դպրոցի տնօրեն դառնալու համար դու ոչ միայն պետք է հավաստագիր ունենաս, այլև մասնագիտական կրթություն: Ավարտում է մանկավարժական կրթությամբ, դպրոցում աշխատում որպես ուսուցիչ ու ինչ-որ մի պահի ցանկանում է տնօրեն դառնալ, գնում է որևէ համալսարանի մագիստրատուրա, սովորում կրթության կառավարում մասնագիտությամբ, ստանում է այդ որակավորումը, ապա նոր կարող է դառնալ տնօրեն: Առանց կրթության կառավարման մասնագետի որակավորման՝ չես կարող տնօրեն դառնալ, իսկ մեզ մոտ ո՞վ է դառնում տնօրեն. ուսուցիչը, որը, օրինակ, հայոց լեզու է դասավանդել. ընդամենը գնում է 80 ժամանոց վերապատրաստման, որտեղ իրեն հիմնականում սովորեցնում են օրենսդրություն, և այդ քննության հիման վրա դառնում է տնօրեն: Բայց երբ խոսում ես սկսնակ տնօրենների հետ՝ բազում խնդիրներ կան. օրինակ՝ ինչպես գրել հրաման, աշխատող ընդունել, ազատել և այլն»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը: