Կռվի ժամանակ երբ ունես լավ հրամանատար՝ դա արդեն հաղթանակի կեսն է. Սմբատ Գալոյան
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Սմբատ Գալոյանը մասնակցել է՝ որպես կամավոր, վերջերս էլ Արցախի նախագահը պարգևատրել է նրան Արցախի «Մարտական ծառայություն» շքանշանով: Գալոյանը մասնակցել է Մարտակերտի պաշտպանական մարտերին՝ առաջին իսկ օրից, և տուն է վերադարձել պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 15-ին:2014-2017 թթ. պայմանագրային զինծառայող, ապա որպես կամավոր զինվորագրված Սմբատ Գալոյանի հետ մեր զրույցը պատերազմի, զինակից ընկերների, կորուստների մասին:
– Սմբատ, տեղյակ եմ, որ պատերազմը սկսվելու հենց առաջին օրը դիմել էիք՝ որպես կամավոր Արցախ գնալու համար, բայց առանց պատասխանին սպասելու մեկնել էիք Արցախ: Կպատմե՞ք, թե ինչպես կարողացաք, այսպես ասած՝ ճողոպրել:
– Սեպտեմբերի 27-ի առավոտյան կինս խուճապահար արթնացրեց ու տեղեկացրեց, որ Արցախում պատերազմ է սկսվել, ամբողջ սահմանի երկայնքով հրետակոծություն է: Միանգամից վեր թռա ու շտապեցի Վանաձոր քաղաքի «Երկրապահ կամավորականներ» միություն: Անհամբեր էի, չսպասեցի պատասխանի ու մեկնեցի Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ դիրքեր: Հոկտեմբերի 1-ն էր, մի կերպ հասա Ստեփանակերտի կենտրոնական հավաքակայան: Հարցրին, թե որտե՞ղ եմ ցանկանում գնալ, պատասխանեցի՝ որտեղ իմ կարիքը շատ կա: Հիշում եմ՝ նախքան դիրքեր բարձրանալը հրամանատարներից մեկն ասաց. «Դուք հիմա գնում եք մի տեղ, ուր հակառակորդը 4-5 անգամ փորձ է արել գրավել, բայց հետ է մղվել: Այնտեղ յուղ և մեղր չեն բաժանելու ու, եթե կան մարդիկ, ովքեր վստահ չեն իրենց ուժերին, լավ կլինի հենց հիմա ասեն և շարքից դուրս գան»: Պետք է ուրախությամբ ասեմ, որ կամավորներից և ոչ մեկը մի քայլ հետ չգնաց:
– Շատ են խոսում պատերազմի ընթացքում դիրքերը լքելու մասին. ձեզ մոտ եղե՞լ է նման բան:
– Պետք էր միայն տեսնել, թե ինչպիսի կամք էին ցուցաբերում 18-ամյա տղաները: Տպավորություն էր, թե ճանապարհ անցած, փորձառու զինվորականներ են: Ծանր ու դաժան էին բոլոր մարտերը: Հակառակորդը կիրառում էր իր ողջ զինտեխնիկան: Հոկտեմբերի 13-ն ինձ համար չարաբաստիկ օր էր, քանի որ այդ օրը անհավասար մարտերը խլեցին ընկերներիցս շատերի կյանքը: Չեմ կարող մոռանալ նաև 19-ամյա դիպուկահար Մոնթեին և 20-ամյա գնդացրորդ Աղասիին, ովքեր մեզ հետ մասնակցելով այդ թեժ մարտին՝ արկից վիրավորվեցին ու երկուսից երեք ժամ վիրավոր վիճակում մեզ հետ մինչև վերջ մարտական գործողություններին մասնակցեցին: Պատերազմի ընթացքում, անհրաժեշտությունից ելնելով, մի քանի օրով տուն էի վերադարձել, ընկերներիցս Կարեն Եսայանն ու Արման Բեկնազարյանն այդ օրերին տանկի կրակոցից զոհվեցին: Նրանք կանգնած են եղել իմ ձեռքով պատրաստված խրամատում, նույն այն տեղում, որտեղ ինքս պետք է կանգնած լինեի: Այդ կրակոցը հենց իմ բաժինն էր լինելու: Ես ամբողջ կյանքս պարտական եմ իրենց:
– Ձեր վաշտը ստացել է «Լեգենդար վաշտ» անունը, քանի որ Մարտակերտի այն հատվածը, որտեղ ձեր ստորաբաժանումն է եղել՝ անառիկ է մնացել: Ի՞նչն էր ձեզ ուժ տալիս:
– Այս պատերազմը նման էր իրական սարսափ ֆիլմի: Գիտեք, պատերազմի «շնորհիվ» շատ բաներ արժևորեցի, հասկացա՝ ի՞նչ է հավատը, սկսեցի ավելի շատ գնահատել մարդկային կյանքը: Կռվի ժամանակ երբ ունես լավ հրամանատար՝ դա արդեն հաղթանակի կեսն է: Մի օր, թեժ կռվի ժամանակ հրամանատարիս՝ Մարգար Սարիբեկյանին հարցրի, եթե նահանջի հրաման լինի, ի՞նչ կանես, պատասխանեց, որ եթե մեռնելու են՝ ապա բոլորը, սակայն ոչ մի քայլ հետ չենք գնալու: Մենք բոլորս այդ ոգով էինք կռվում: Պատերազմից հետո, երբ թուրքերը եկել էին իրենց զոհերին տանելու, ես և Մարգար Սարիբեկյանը խրամատում էինք: Երբ առաջ եկան՝ Մարգարը թուրք զինվորի օձիքից բռնեց և թափահարեց: Թուրքը ռուսերեն ասաց՝ մենք ձեզ հաղթեցինք, իսկ ես պատասխանեցի, որ 90-ականների պատերազմը մենք հաղթեցինք՝ զինտեխնիկա չունենալով, իսկ այժմյանը մի քանի պետությունների ուժերի միավորմամբ ապահովված հաղթանակ է:
Վիշտը համազգային է, և մեզ պետական մտածողություն ու մոտեցում է պետք: Մենք պետք է ճշգրտորեն ծրագրավորենք մեր հետագա անելիքները, առանց էմոցիաների, առանց իրար վիրավորելու: