Առաջին տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։
Առաջին տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» չորրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Նարինե Բաղդասարյանի ‹‹Լույսի ճանապարհին›› գիրքը հինգերորդ տեղում է։ Այն յոգ, յոգայի բազմամյա ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի կուտակած կենասափորձի հանրագումարն է: Գրքում «բացված» են Լույսին, այն է՝ մարդու մարմնի և հոգու խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու Նարինեի դավանած ճանապարհները: Ստեղծագործ մոտեցմամբ տեսական և գործնական հանրամատչելի խորհուրդներ ու զրույցներ ամբարած այս գիրքը սիրո մասին է:
Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» վեցերորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» յոթերորդ տեղում է։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» ութերորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։
Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» գիրքը իններորդ տեղում է։ Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։ «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։
Տասներորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի «Եղի՛ր բացառիկ» գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ֆորմատ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։