Մկան խաղը

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո բարձրացած ներքաղաքական բողոքի ալիքի ու Արցախում անհանգստությունների ֆոնին տեղի ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած պատվիրակության առաջին այցը Երևան, որից 168.am-ին որոշ բանակցային մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ինչպես և ակնկալվում էր՝ հանդիպման գլխավոր ինտրիգը եղել է Արցախի կարգավիճակի հարցը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունն Արցախում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը` Երևանում

հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Իհարկե, այդ հանդիպման փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն առհասարակ չտրվեց,

սակայն ըստ որոշ ԶԼՄ-ների՝ Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է այն մասին, որ արցախյան խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումներն ընդունի ի գիտություն` Մոսկվայում հանդիպումների ընթացքում, և «Արցախի հարցով մեկ միլիմետր անգամ չշեղվի դրանից»:

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ արցախյան կողմն Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի համար հստակեցրել է, որ Արցախի կարգավիճակի հարցում որևէ զիջում անընդունելի է Արցախի Հանրապետության համար:

Ավելին, Նիկոլ Փաշինյանին հստակ հասկացրել են, որ եթե համաձայնի որևէ փաստաթղթի, որը կենթադրի կարգավիճակ «Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում» կամ անկախությունից դուրս որևէ կարգավիճակ, ապա Արցախի իշխանությունների հետ այլևս կարող է որևէ առնչություն չունենալ:

«Երկրորդը՝ հստակ ուղերձ են փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս լիազորված չէ խոսելու Արցախի անունից ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ, քանի որ արցախյան կողմը չի վստահում հակամարտությունը կարգավորելու արևմտյան ջանքերին, որի գլխավոր թիրախը ռուսական խաղաղապահներն են Արցախում: Արցախում հասկանում են՝ երբ ռուսական զորքը դուրս գա Արցախից, ադրբեջանական ու թուրքական զորքերը մտնելու են արցախցիներին ոչնչացնեն»,- ասացին մեր աղբյուրները՝ հավելելով, որ Արցախի իշխանությունները չեն թաքցրել նաև իրենց համակրանքը ռուսական միջնորդության ու Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքի նկատմամբ: Նրանց համոզմամբ՝ հակառակ դեպքում Փաշինյանն Արևմուտքի թելադրմամբ հաջորդ քայլով Հայաստանից փորձելու է դուրս բերել ռուսական ռազմաբազան:

Հատկապես ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ վերջերս ավելի առարկայական փուլ մտած Խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայի և Ստեփանակերտի մոտեցումները համընկնում են:

168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական երկօրյա այցի ընթացքում ևս նրան հստակ մեսիջներ են փոխանցել, որ ընթացք չտա Բրյուսելի հովանու ներքո Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր բանակցելու և Արցախի կարգավիճակը փոխելու ծրագրերին՝ փորձելով մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակության շրջանակում:

Չնայած Մոսկվայի և փակ, և դիվանագիտական մակարդակում արված ուղերձներին, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը ևս նախատեսվում է անցկացնել Բրյուսելում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Ալիևը նշել է Եվրամիության, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում: «Մենք ԵՄ-ին համարում ենք ազնիվ միջնորդ և ողջունում ենք նրանց ջանքերը: Եթե Մինսկի խումբն այժմ չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերը կատարել կարգավորման գործընթացում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Բրյուսելը դարձել է իր հիմնական այցելությունների վայրը:

Ըստ մեր աղբյուրների՝ Մոսկվան Փաշինյանի պաշտոնական այցի ընթացքում հասկացրել է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծմանը դեմ չէ Մոսկվայի հովանու ներքո: Ռուսները թե փակ ռեժիմով բանակցությունների ընթացքում, թե հրապարակային հայտարարություններով ցույց են տալիս, որ ամենևին հետաքրքրված չեն Խաղաղության պայմանագրի հեռանկարով, քանի որ դա ենթադրելու է Ղարաբաղի կարգավիճակի և ռուսական զորակազմի կարգավիճակի փոփոխություն:

Ռուս բարձրաստիճան շրջանակները վաղուց են հասկացել, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական «խաղեր է տալիս», Փաշինյանին չեն վստահում ու դա նկատի ունենալով՝ առաջ են քաշել հայ-ռուսական համատեղ հայտարարությունը՝ 30 կետով, որը, դիտարկվում է, որ կարող է դառնալ հնարավոր միութենական պետության հիմքերը: Հարկ է նաև հստակեցնել, որ դա դեռ դիտարկվում է երկարաժամկետ ապագայի համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամն այս փուլում ՌԴ-ին թույլ չի տալու առաջ մղել միութենական պետության օրակարգը, և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից կախված են աշխարհաքաղաքական շատ ծրագրեր: Հավելենք, որ Փաշինյանին նաև Արևմուտքում չեն վստահում, հատկապես Պուտինի և Փաշինյանի միջև համատեղ ստորագրած 30 կետերից բաղկացած փաստաթուղթը նրանք համարում են ավելի վատը, քան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս