Արցախի հարցում այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները:

Մինչ քննարկման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքերով, որոնք ներկայացվում են ստորև.

Նիկոլ Փաշինյան –

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ողջունում եմ: Իհարկե, մենք մշտական և ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփել կատարված համատեղ աշխատանքները և պլանավորել հետագա անելիքները:

Ես ուզում եմ ընդգծել հետևյալ հանգամանքը. գործնականում մենք, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո, նաև պատերազմի ընթացքում մեր աշխատանքները մշտապես կոորդինացրել ենք և կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել:

Գիտեք, ես երբեմն մտածում եմ, թե այդ մասին հատուկ շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա, որովհետև դա այնքան տրամաբանական փաստ է, որ շեշտադրելը նույնիսկ երբեմն կարող է ավելորդ լինել: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է:

Այս է պատճառը, որ մենք մշտապես, պարոն նախագահ, Ձեզ հետ անձամբ կապի մեջ ենք: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ:

Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք:

Բայց ուզում եմ նաև ասել, որ մեր համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին: Եվ սա առանցքային է, որովհետև էլի սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում և ուրախ եմ և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են:

Կրկին ողջունում եմ, մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, և մեզ այսօր արդյունավետ քննարկում եմ մաղթում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան –

Մեծարգո վարչապետ,

Հարգելի գործընկերներ,

Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու:

Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք  շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով: Շնորհակալություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պարոն նախագահ, շատ ճիշտ նկատեցիք, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և պիտի արձանագրեմ, որ մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել, և մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում: Շնորհակալ եմ:

Տեսանյութեր

Լրահոս