Փողոցներում ու հրապարակներում թափ է առնում տեխնոլոգիապես բավականին գրագետ պայքար․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում ստեղծվել է բացառիկ բարդ վիճակ։ Լարվածությունը մեծանում է, բայց սա արտասովոր լարվածություն է, և չի երևում լուծման ստանդարտ ճանապարհ։ Իշխանության հանդեպ տոտալ չարության պրոցես է թափ առնում, իշխանությունը բաց է թողնում հենց այս պահը։ Իրավիճակի աննորմալությունը մի քանի հարթության մեջ է։

Խնդիր առաջին. Ինչպե՞ս հեռացնել մերժված իշխանությանը։

Գործող իշխանությունը Հայաստանում այլևս չունի սոցիալական հենարան, ու իշխանությունը սա գիտի։ Տապալվել են բոլոր ծրագրերը և խոստումները։ Նիկոլի հայտնի ելույթից հետո և զոհերի մասին հայտնի ձևակերպումից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է։ Իշխանությանը սատարելը ամոթ է, և առանց անձնական շահագրգռվածության ոչ ոք հրապարակայնորեն դա չի անում։ Սա մերժված իշխանություն է։ Ինչպե՞ս իշխանությունից հեռացնել մերժված իշխանությանը։ Սա է արտասովոր հարցը։ Սա արտասովոր իրավիճակ է, նման նախադեպեր աշխարհում շատ քիչ են. տոտալ ձախողումներ, պարտություն, զոհեր… ու մնալ իշխանության։

Խնդիր երկրորդ. Ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը։

Կասեք՝ ուժայինների, բայց սա կեսի-կես ճշմարտություն է։ Մի քանի անգամ մեծանա բողոքի ակցիաների ծավալը, եռապատկվի ապրիլի 23-ի հավաք-երթի ծավալը, և ոչ մի ուժային չի կարողանա պահել ոչ մի իշխանության։ Այս հարցն առանցքային է և ունի ավելի սառը գնահատականի կարիք։

Խնդիր երրորդ. Ընթացիկ պայքարը և արդյունքները

Փողոցներում ու հրապարակներում թափ է առնում տեխնոլոգիապես բավականին գրագետ պայքար։ Առաջինը բանը, որ չի կարելի անել, պայքարի դուրս եկածներին պայքարի ընթացքում քննադատելն է։ Իսկ թե ինչպես օգնել պայքարին, օգտակար լինելու չափը և ձևը. սրանք արդեն անհատական որոշման խնդիր են։ Այս պայքարի հանգուցալուծման տարբերակները մի քանիսն են. թե հատկապես ո´րը կդառնա իրականություն, այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Բայց մեկ բան հստակ է՝ իշխանությունը փոխվելու է։ Ստեղծված բացառիկ բարդ և արտասովոր իրավիճակի միակ լուծումը դա է։ Մնացածը տեխնիկական հարցեր են։

Խնդիր չորրորդ. Ազատության հրապարակը առանձին մոլորակ չէ

Պայքարի ընթացքում պետք է խուսափել սեփական պայքարի թակարդում հայտնվելուց։ Երբ Ղարաբաղի և Հայաստանի մասին կարճ ժամանակահատվածում արտահայտվում են ԱՄՆ, ԵՄ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ առաջին դեմքերի մակարդակով, ապա իշխանություն փոխելու դուրս եկած ընդդիմությունը պարտավոր է արձագանքել՝ ձևավորելով հեռակա երկխոսություն ազդեցիկ կենտրոնների հետ։ Չի կարելի փակվել, պայմանական ասած, Օպերայի տարածքում։

Եթե այն թեմայի մասին, որով դու դուրս ես եկել պայքարի, լուրջ ձևակերպումներ են դրվում՝ միջնորդների, դաշնակցի, հակառակորդի կողմից, ապա դու աշխատանքային ռեժիմով պետք է դրանց պատասխանես։ Նշանակում է՝ փողոցային պայքարին զուգահեռ պիտի ունենաս սուր և բարդ հարցերի պատասխանները, որպեսզի վերոնշյալ կենտրոնները տեսնեն, որ այստեղ փողոցային պայքարի ելած անհասկանալի խմբեր չեն, այլ՝ քաղաքականապես հասուն, պետական մտածողությամբ ուժեր, որոնք բոլոր առումներով պատրաստ են ստանձնել երկրի ղեկը՝ այս իշխանության հեռացումից հետո։ Սա´ է համակարգային ընդդիմության աշխատելաոճը։ Պայքարի ընթացքում պետք է մեսիջներ ուղարկվեն հարևաններին, միջնորդներին, դաշնակիցներին, հակառակորդին։ Եթե սա չի արվում, ապա ոչ համակարգային ուժի (non-systemic force) վերածվելու կամ այդպիսին ընկալվելու հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իսկ դա կուժեղացնի իշխանությանը։ Պետք է միշտ հիշել Հայաստանի շուրջ ձևավորված իրականությունը՝ թուրքական ուղղություն, ադրբեջանական պլաններ, Ուկրաինայում խրված Ռուսաստան, առանց բանակ Արցախ և այլն։

Խնդիր հինգերորդ. Լիդերը

Կա տեսակետ, թե հենց լինի լայն զանգվածների պատկերացումները բավարարող առաջնորդ, ապա արագ արդյունքի կհասնենք։ Իհարկե, եթե լիներ՝ կլիներ ավելի հեշտ։ Բայց այս ցանկությունը բերում է մյուս ծայրահեղությունը՝ լիդերի հախուռն փնտրտուքին։ Չի կարելի լիդեր հորինել, լիդեր խնդրել-բերել։ Առաջնորդը ձևավորվում է պրոցեսի- պայքարի ընթացքում կամ իրավիճակի թելադրանքով։

Երբ 4 տարի մի երկրում ամեն ինչ (բանակ, պետական ինստիտուտներ, եկեղեցի, արժեքներ, հայրենիք …) միտումնավոր արժեզրկվում է, ապա շատ դժվար է գտնել արժեքավոր լիդերի։ Սրա միակ գրագետ լուծումը համագործակցային ձևաչափն է։ Իշխանության մեջ դա կոչվում է կոալիցիա, պայքարի ընթացքում՝ կոնսոլիդացված հարթակ։ Հարթակը պիտի լինի իրոք համագործակցային և սոլիդ, որպեսզի հնարավոր լինի խոսել հանրության լայն շերտերի հետ։

Խնդիր վեցերորդ. և այնուհանդերձ, ինչի՞ շնորհիվ է մնում այս իշխանությունը

Այս իշխանությանը ողջ հոգով ու գիտակցությամբ մերժած, բայց դեռևս տանը մնացող հասարակությանը կհանենք փողոց, եթե նրան ցույց տանք, թե ինչպիսին է լինելու Նիկոլի հեռացումից հետո հաջորդ օրը։ Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից այն կողմ։

Դիտորդ կամ անտարբեր հանրությունը ունի հստակ լատենտ մտահոգություններ և սպասումներ։ Մեր կարևորագույն խնդիրն է՝ հասկանալ այդ լատենտ իրողությունները և փորձել դրանց պատասխանել։

Ըստ այդմ՝ դիտորդ կամ պասիվ հանրությունը նորմալ հայրենասեր մարդիկ են և ուզում են, որ Արցախը լինի հայկական, բայց նրանց միայն Արցախի դրոշի տակ չենք հանի փողոց։

Նրանք ուզում են.

– Առանց պատերազմ ապագա, անվտանգ կյանքի երաշխիքներ
– Թուրքիայի հետ լեզու գտնելու հնարավորություն, բայց ոչ՝ ստորացուցիչ պայմաններով
– Սոցիալական վիճակի բարելավում, տնտեսական հնարավորություններ
– Ապագայի որոշակիություն, կայունություն. բոլորը հոգնել են վերջին 4 տարվա չդադարող ցնցումներից։ Նիկոլի բոլոր ելույթներն առաջացնում են հասարակական տագնապ, լարվածություն, ինչ-որ բանի գույժ։ Մարդիկ ուժասպառ են լինում նման մթնոլորտից։
– Փորք ու միջին բիզնեսը, որն ազդեցիկ մեծ շերտ է, ուզում է երաշխիք, որ իր ստացած ազատությունները չեն չեղարկվելու, և նախկին հարկային-մաքսային խաղի կանոնը չի վերականգնվելու։

Մոտավորապես սա է ուզում դիտորդ-պասիվ հանրությունը, որը մեծամասնություն է։ Հետևաբար, ընթացող ակտիվ տեխնոլոգիական պայքարը շատ արագ պետք է ուժեղացվի գրագետ բովանդակությամբ։ Պայքարին նոր ռեսուրս է պետք, ըստ իս՝ դա տեխնոլոգիան չէ, այլ՝ բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր միավորել պայքարը և մի փողոց այն կողմ զուգահեռ ընթացող անտարբեր կյանքերը։

Այս մղձավանջից դուրս գալու միակ հնարավորությունը սոլիդ իշխանությունն է, իսկ դրա առաջին քայլը՝ սոլիդ հարթակը։ Հաջողությունը շատ մոտ է, բայց պետք է գիտակցել, որ պետությունը տապալած իշխանությանը հնարավոր է հաղթել միայն պետական մտածողությամբ։ Դա նշանակում է սոլիդ բովանդակություն և պայքարին նոր շերտերի ներգրավում՝ պետական համակարգի ու իշխանության մեջ գտվող առողջ շերտերից։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս