Հայտնի են «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի հաղթողների անունները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դիպլոմներ հանձնեց յոթ աշակերտի, որոնք հաղթել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթին:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Մրցանակները տրվեցին Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Վեներա Պետրոսյանին, Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Հասրաթյանին, Երևանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Գասպարյանին, Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանին, Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Առաքելյանին, Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյանին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Անահիտ Գաբրիելյանին:
Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ հատկապես գաղափարական իմաստով շատ կարևոր մրցույթ է, և աշակերտները պետք է ճանաչեն մեր մշակութային արժեքներն ու պահպանեն դրանք՝ ստեղծելով նոր արժեքներ:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց՝ օրացույցի բոլոր կարևոր օրերը որոշել են նշանավորել իբրև կրթական օրեր և դրանց հետ կապված կազմակերպել ճանաչողական վիկտորինաներ, մրցույթներ, որոնք բավականին լայն արձագանք են գտնում: «Մրցույթներին ակտիվ մասնակցում են Երևանից և ՀՀ մարզերից բազմաթիվ աշակերտներ, իսկ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» երրորդ նմանատիպ մրցույթն է: Առաջինը Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ էինք նախաձեռնել, հետո՝ Եղիշե Չարենցի ծննդյան շրջանակում: Հուսամ՝ սա շարունակական կլինի, քանի որ աշակերտները հետաքրքրված են, և նման նախաձեռնություններն առիթ են, որ նրանք պրպտեն, գտնեն հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների մասին տեղեկատվություն, կարդան մեծերի ստեղծագործությունները, ուսումնասիրեն հուշարձանները, ինչը սովորելու գործընթաց է և պետք է խրախուսվի»,-եզրափակեց Անդրեասյանը:
Մրցույթը հայտարարվել էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար: Նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:
Ապրիլի 12-ից 18-ը ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար: Մրցութային հրապարակումներում ներկայացվել էին Տաթև վանական համալիր (Սյունիքի մարզ), Հաղպատի վանք (Լոռու մարզ), Լմբատավանք (Շիրակի մարզ), Դվին հնավայր (Արարատի մարզ), Երերույքի տաճար (Շիրակի մարզ), Աղջոց վանք (Արարատի մարզ), Արտաշատ հնավայրից պեղված արծվի արձանիկ (Արարատի մարզ) հուշարձանները:
Այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն էր ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի 7 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:
Յոթ հաղթողներից 3-ը նախորդ մրցույթներում արդեն իսկ հաղթած աշակերտներն են: