Ցեղասպանությունը շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։

Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։

Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։

«Հանցանքների հանցանքը» – Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։

Տեսանյութեր

Լրահոս