ՀՀ և ՌԴ խորհրդարանականները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն. նախատեսում է կենտրոններ բացել ՀՀ բոլոր մարզերում

ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամներն այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։

Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։

«ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2019 թ․-ից մեր կենտրոնը 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում, ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։ Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։

Պատվիրակության անդամները Վանաձորի ռուսական կենտրոնին են փոխանցել գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնել ավարտական վկայականներ։

Տեսանյութեր

Լրահոս