Newsweek-ի հոդվածագիրը մեղադրում է Բայդենին Ադրբեջանի վայրագությունները անտեսելու և 907-րդ բանաձևը կասեցնելու մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որպեսզի թույլ տա շարունակել այլ ցեղասպանություններ: Նման կարծիք է հայտնել հասարակության հետ կապերի մասնագետ Ստեֆան Պեչդիմալդջին, որի հոդվածը հրապարակվել է Newsweek ամերիկյան ամսագրում:

Հոդվածագիրը նշում է, որ նախորդ տարի պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ջո Բայդենը կատարել է իր նախընտրական խոստումը:

«Այդ ժամանակ ամերիկահայերը ողջունեցին այս պատմական և վաղուց հասունացած հայտարարությունը, սակայն որոշ ժամանակ անց նա որոշում կայացրեց կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և հաջորդ բյուջետային տարում Ադրբեջանին տրամադրել ուղիղ ռազմական օգնություն (security aid):

Շատ առումներով Բայդենը ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որպեսզի թույլ տա շարունակել այլ ցեղասպանություններ»,- նկատում է հոդվածագիրը:

Հասարակության հետ կապերի մասնագետ խոսքով` լիովին հասկանալու համար, թե ինչու են ամերիկահայերը վրդովված Ջո Բայդենի այդ որոշմամբ, անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստան-ԱՄՆ եւ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների անհավասարությունը:

« Ամերիկահայերի համար 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը դարձավ Հայոց ցեղասպանության մասին վառ հիշեցում և այն մասին, թե ինչպես է աշխարհը շարունակում աչք փակել նրանց տառապանքներին: Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը սանձազերծել է ոչ արդարացի պատերազմ` փորձելով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերին: Միաժամանակ, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ էթնիկ հայերի պատմամշակութային օբյեկտների, եկեղեցիների, վանքերի, գերեզմանների ոչնչացմանը: Խախտելով պատերազմ վարելու բոլոր նորմերը` Ադրբեջանը հրետակոծել է խաղաղ բնակչությամբ բնակեցված շրջաններն ու ծննդատունը ՝ Ստեփանակերտում բալիստիկ հրթիռներով ու կասետային զինամթերքով, որոնք միջազգային չափորոշիչներով արգելված են»,- նշում է հոդվածագիրը:

Ստեֆան Պեչդիմալդջին հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը նաև կիրառել է զանգվածային ոչնչացման զենք, որը պարունակում է քիմիական նյութեր, այդ թվում` սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառել խաղաղ բնակավայրերում, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է, ներառյալ Ժնևյան կոնվենցիաները եւ Քիմիական զենքի մասին կոնվենցիան, որոնք վավերացրել է Ադրբեջանը:

«Չնայած այդ վայրագություններին, որոնք ցուցադրվել և ներկայացվել են ամենուր, նախագահ Բայդենը ոչինչ չի արել։ Ամեն դեպքում, նա կրկնապատկել է իր անհոգությունը, երբ բանը հասել էր Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, նա կոչ էր արել 164 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Բաքվին 2023 ֆինանսական տարվա համար, առաջարկելով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը 47 տոկոսով ` 24 մլն դոլար և առանց նշելու Արցախի համար օգնության չափը»,- ընդգծում է հոդվածագիրը:

Ստեֆան Պեչդիմալդջին, սակայն, նշում է, որ դեռ ուշ չէ, Բայդենը դեռ ժամանակ ունի փոխելու կուրսը Ադրբեջանի և նրա նավթային դիկտատորի նկատմամբ:

«Եթե Բայդենն իսկապես ցանկանում է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կանխել նման վայրագությունների կրկնությունը, ապա նա կանի այն, ինչը ճիշտ է. կաջակցի Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Տեսանյութեր

Լրահոս