«Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում` Արցախի ճակատագիրն է որոշում». Իվանյանի բնակիչ
– Իվանյանի գյուղամեջն այստեղից շա՞տ է հեռու,- հարցնում ենք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչներից մեկին, ով գյուղի ճանապարհին կանգնած էր։
– Ո՞վ է ձեզ պետք, դուք գրեթե գյուղի կենտրոնում եք,- ի պատասխան մեր հարցին՝ ասում է կինը։
Երբ կնոջը պատմեցինք, որ Երևանից ենք եկել, արցախցիների, նրանց առօրյայի, մտահոգությունների մասին ռեպորտաժներ անելու համար, մեր զրուցակիցն ասաց, թե՝ շատ էլ ճիշտ եք եկել. «Վերջին դեպքերից հետո Խրամորթից այստեղ կանայք ու երեխաներ են տեղափոխվել, ամեն մեկն իր բարեկամի տանն է տեղավորվել, մինչև հասկանանք՝ ինչ կլինի»։
Պարզվեց՝ մեր զրուցակիցն էլ է Խրամորթից ժամանակավոր տեղափոխվել Իվանյան, ապրում է ամուսնու եղբոր տանը՝ հույսով սպասելով, որ Խրամորթում մնացած տղամարդիկ հարցը կլուծեն, և իրենք կվերադառնան գյուղ։
Նա մեզ ուղեկցեց եղբոր ամուսնու տուն՝ խոստանալով հարցազրույց տալ։
Այդպես զրուցելով՝ գյուղամեջից հասանք Միքայելյանների տուն, որտեղ մեզ դիմավորեց տանտիրուհին՝ ամուսնու հետ։
Մեծ բակի մեջ երկու առանձին տուն էր կառուցված, տանտիրուհին բացատրում է, որ համեմատաբար փոքր տանը որդին է ապրում՝ ընտանիքի հետ, մեծ տանը՝ ինքը և ամուսինը՝ մյուս տղաների հետ։
«Հինգ երեխա ունեմ, 1 աղջիկ, 4 տղա։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղից դուրս եկանք, գնացինք Ռուսաստան, այնտեղ էլ աղջիկս ծնվեց։ Պատերազմը հենց ավարտվեց՝ վերադարձանք Իվանյան։ Էս հող ու ջրին կպած ենք, ի՞նչ անենք, ուր գնում ենք, ինչքան էլ լավ ապրելակերպ է լինում, չենք հարմարվում՝ վերադառնում ենք։
Գիտե՞ք, մենք մեր տղաներին երբեք չենք ասել՝ էս հողը պետք է սիրեք, սա՛ է ձեր հայրենիքը, այդ ամենն իրենց արյան մեջ է, հիմա էլ իրենք չեն կարողանում մեկ վայրկյան պոկվել այս հողից։ Քույրերս, եղբայրս Ռուսաստանում են, մշտապես որդիներիս կանչում են իրենց մոտ՝ չեն գնում, ասում են՝ մենք գնանք ապահով ապրենք, բա մեր հողն ու տունը ո՞վ է պահելու։ Հիմա էլ տեսեք՝ ինչ է կատարվում, ձեզ ուղեկցող կինը «տեգրակինս» է, Խրամորթից է ժամանակավորապես եկել մեր տուն, ամուսինն այնտեղ է, ինքն էլ սպասում է, թե երբ ամեն ինչ կհանդարտվի, որպեսզի գնա,- պատմեց տանտիրուհին ու հրավիրեց տուն։
Ներս մտնելուն պես տանտիրուհին թեյ ու սուրճ է առաջարկում, երբ հրաժարվեցինք, անմիջապես ավելացրեց. «Ուրեմն պետք է պոպոք ուտեք, մեր բակի ծառինն է, ամենահամեղն է, հավաքում ենք ու ամբողջ տարին օգտագործում»։
Ընդարձակ հյուրասենյակի պատերին փակցված էր Մոնթե Մելքոնյանի մեծ լուսանկարը, ներքևի հատվածում գրված նրա հայտնի խոսքերից. «Արցախը վերջին պայքարս պիտի չըլլայ»։ Կողքին փակցված էին Արցախյան առաջին պատերազմի երկու մասնակիցների լուսանկարներ։
«Նկարում՝ աջ կողմինն ամուսնուս եղբայրն է, ձախինը՝ նրա քեռու տղան, երկուսն էլ զոհվել են 90-ականներին։ Երկուսն էլ կիրթ տղաներ էին, նույն բուհում էին սովորել, նույն ամսում էլ զոհվեցին։ Բա մենք այդպիսի տղաներ կորցնենք 90-ականներին, 2016 թվականին և 44-օրյա պատերազմի ժամանակ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Չի՛ կարող նման բան լինել, Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում՝ Արցախի ճակատագիրն է որոշում։
Մոնթեի նկարն էլ փոքր թոռնիկիս պահանջով ենք պատին կպցրել, Մոնթեն նրա համար ուժի մարմնացում է։ Ասում է՝ Մոնթեն ուժեղ է, ես իր նման պետք է լինեմ, ուժեղ լինեմ, որ բոլոր հարցերը լուծեմ»,- շարունակեց տանտիրուհին։
Արցախում գրեթե տուն չկա, որտեղ պատերին պատերազմում զոհվածի լուսանկար չլինի։ Կան տներ, որտեղ 90-ականներին զոհված հոր լուսանկարն է, կողքին՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու լուսանկարը։
Ի դեպ, երբ սկսեցի շատ հարցեր տալ, նա կատակով ասաց, թե՝ լրագրող եք, ինչ լսում, գրում եք. «Եթե իմ ասածները գրեք, անունս մի գրեք»։
Տանտիրուհու անունն այդ իսկ պատճառով չենք գրում։
– Իվանյանո՞ւմ եք ծնվել,- հարցնում եմ տանտիրուհուն, ով ժպտալով պատասխանում է՝ չէ, սերն է բերել Իվանյան։
«Ես այդ հայտնի Քարագլխի հին գյուղում եմ ծնվել, մի քանի տարեկան էի, երբ գյուղը խմելու ջրի պատճառով դատարկվեց, ու բոլորն իջան Խրամորթ։ Քարագլխում խմելու ջուրն էշով էին բերում, դրա պատճառով էլ մարդիկ իջան Խրամորթ, ու գյուղը դատարկվեց։ Դե, ինձ էլ Խրամորթից սերը բերեց-հասցրեց Իվանյան։ Տուն ենք սարքել, հազար ու մի նպատակ ենք դրել, մենք էլ մյուսների նման ուզում ենք առավոտյան արթնանալ, խաղաղ լինի ամեն ինչ, չմտածենք՝ վայ, տեսնես ի՞նչ է լինելու։ Ախր, արցախցիները շատ «չոր կող» են, իրենց ուզածին հասնում են, բայց հիմա ամեն ինչ խառնվել է, չգիտենք՝ որտեղից սպասենք վտանգի։ Թող գան արցախցուն հարցնեն, արցախցին ուզո՞ւմ է Ադրբեջանի կազմում ապրել, եթե ուզեինք՝ 1988 թվականին ոտքի կկանգնեի՞նք։ Այսինքն՝ մենք այսքան կորուստներ ու զոհեր պետք է տանք, որ գնանք Ադրբեջանի կազմո՞ւմ լինենք․ չի՛ լինելու, անհնարին բան է։ Դե, ձեր զահլեն չտանեմ, սա մեր պայքարն է, որը տանում ենք»,- ասաց տանտիրուհին։
Երբ դուրս եկանք բակ, գործընկերներիս համոզում էր, թե պետք է ամեն մեկը մի բաժակ Իվանյանի գինի խմի․
«Եկել-հասել եք Իվանյան ու չեք ուզում մի բաժակ գինի խմեք, իմ քաշած գինին է՝ չփորձելը հանցագործություն է»։
Հրաժեշտ տվեցինք նրանց։
Զրուցեցինք նաև Իվանյանի այլ բնակիչների հետ, ու որոշեցինք քայլելով դուրս գալ կենտրոնական ճանապարհ և հասնել Ստեփանակերտ։
Ճանապարհին մոտեցավ մի մեքենա, հետաքրքրվեց, թե ուր ենք գնում տեսախցիկով, ապա առաջարկեց մեզ տանել Ստեփանակերտ, քանի որ ինքն էլ էր գնում այնտեղ։
«Հը, հավանեցի՞ք Իվանյանը, ես էլ էի Իվանյան եկել Ստեփանակերտից, հիմա վերադառնում եմ»,- ասում է տղամարդը ու պատասխանի չսպասելով՝ այլ հարցեր է տալիս։
Իսկ մենք միայն մեկ հարցի շուրջ էինք մտածում՝ ինչո՞ւ ստեղծող, արարող ու պայքարող արցախցին չի կարողանում հանգիստ ապրել իր հողում։