Արման Դիլանյանի «բարեփոխումների» շքերթը՝ դատախազ, ոստիկան ընկերների կանայք, նախկին ղեկավարի ուսանող թոռնիկ, ՀԱԿ նախկին ակտիվիստ…

Մարտի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ս. Առաքելյանին էինք ուղղել հարցեր ՍԴ կադրերի նշանակման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՍԴ որոշումների՝ մեղմ ասած,  անբավարար վիճակը:

Պարզվում է, որ ՍԴ-ում քաոսը պայմանավորված է նաև ոչ թե կադրերի պակասով, այլ հակառակը՝ մեծ թվով աշխատողների համալրմամբ, որոնց որակը, քանակը և աշխատանքի ընդունվելու կարգը վկայում է մեկ բանի մասին՝ նշվածը ուղղված է ոչ թե ՍԴ որոշումների բարելավմանը և որոշ  դատավորների մասնագիտական բացի լրացմանը, այլ՝ Արման Դիլանյանի ծանոթներին աշխատանքով ապահովելուն:

Այսպես, օրենքով սահմանված մեկ ամիսը գերազանցող ժամկետում, մամուլի խոսնակի մեզ ուղարկված պատասխան-գրության համաձայն՝  Արման Դիլանյանի ընտրվելուց ի վեր ՍԴ-ում աշխատանքի են ընդունվել 38 աշխատող, ինչը 111 աշխատող ունեցող ՍԴ աշխատակազմի մոտ 40 տոկոսն է կազմում, բոլորն  անխտիր՝ առանց մրցույթի:

Մենք պարզեցինք, որ այդպիսիք են հանդիսանում, օրինակ, Արման Դիլանյանի դատախազ, ոստիկան ընկերների կանայք, Արման Դիլանյանի  նախկին ղեկավարի ուսանող թոռնիկը, որին ձևակերպել են՝ որպես բաժնի պետի օգնական, այն դեպքում, երբ ՍԴ-ում երբևէ չի եղել նման հաստիք, ավելին՝ որևէ այլ բաժնի պետ չունի օգնական, Վահե Գրիգորյանի՝ որպես Արման Դիլանյանի փաստացի ղեկավարի հովանավորյալները, օրինակ՝ ՀԱԿ նախկին ակտիվիստ, Երևանի ավագանուց հեռացված խոսնակը, սորոսական շրջանակների հետ ասոցացվող օգնականը, ով աշխատանքի ժամերին զբաղված է հակառուսական ակցիաներին մասնակցելով և այլն:

Նոր աշխատողներից ոմանց ՍԴ այլ  աշխատողները նույնիսկ չեն տեսել,  մյուսների կատարած աշխատանքը չի երևում, մնացածն էլ՝ թեև աշխատում են, սակայն ՍԴ որոշումներն են դարձրել փորձարկման դաշտ մասնագիտական ոչ կոմպետենտության պատճառով:

Այսպիսով, փաստենք, որ Սահմանադրական դատարանի «ժողովրդավարացման և ճգնաժամի հաղթահարման» կեղծ գործընթացը իրացվել է բոլոր ոլորտներում: Արման Դիլանյանն այս ընթացքում ոչ միայն գրեթե օրումեջ հանդիպումներ է ունենում՝ դպրոցականների, իսկ ազատ ժամանակ՝ դեսպանների հետ, երբեմն էլ որպես կառավարության կցորդ՝ Վարչապետի ենթակաների հետ համատեղ գործուղման մասնակցում, այլև հասցրել է ՍԴ-ն ամբողջությամբ դարձնել քաոսի որջ, որի առջև հնարավոր չէ բարձրացնել ոչ միայն քաղաքական, այլև տարրական աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր. ի վերջո, աշխատանքային իրավունքները և դրանց առնչվող սկզբունքները ոտնահարող մարմինը ինչպե՞ս կարող է պաշտպանել այն:

Տեսանյութեր

Լրահոս