ՀՀ-ն պետք է ամեն կերպ ակտիվացնի սեփական դերակատարումը Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորման գործընթացներում` մինչդեռ ականատեսն ենք հակառակին. Վահե Դավթյան
ԵԱՏՄ-ն և Իրանն ուզում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին մշտական համաձայնագրի ստորագրման շուրջ՝ ժամանակավոր համաձայնագրի փոխարեն. Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքն օրերս հայտարարել էր, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկնքվի:
Ի դեպ, առցանց ասուլիսում այս թեմային անդրադարձել էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը՝ նկատելով, որ Իրանի ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նշանակությունը կարող է աճել։
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ ռուս-իրանական այս նախաձեռնությունը խոսում է ՌԴ տնտեսական վերադասավորման մասին. «Ռազմավարություն, որը Մոսկվան որդեգրել և իրականացնում է վերջին ամիսների ընթացքում՝ Ուկրաինայում հատուկ օպերացիա իրականացնելու համատեքստում: Եվ պատահական չէ, որ առաջիններից մեկը, որն արձագանքեց բնական գազի դիմաց ռուբլով վճարելու ՌԴ կոչին, հենց ԻԻՀ-ն էր»:
Վահե Դավթյանը չբացառեց, որ հաջորդ փուլում Իրանը կարող է նոր կարգավիճակով հանդես գալ ԵԱՏՄ շրջանակներում, իսկ ՌԴ համար հնարավորություն կընձեռվի դեպի Մերձավոր Արևելք սեփական գեոտնտեսական ռազմավարությունն իրականացնելու համար:
«Այդ գեոտնտեսական ռազմավարությունն իրականացնելու համար, իհարկե, առանցքային նշանակություն՝ եթե կուզեք՝ ողնաշարի գործառույթ կարող է ունենալ հենց միջազգային Հյուսիս–Հարավ միջանցքը, որը սկիզբ է առնում ՌԴ հյուսիսային հատվածից և Հարավային Կովկասով դուրս է գալիս Իրան, այնտեղից անցնում է Հնդկական ծով՝ Մումբայ նավահանգիստ:
Սա նշանակում է, որ Հայաստանն այս կոոպերացիայի մեջ պետք է ամեն կերպ ակտիվացնի սեփական դերակատարումը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ձևավորման այս գործընթացներում: Մինչդեռ, իհարկե, մենք վերջին շրջանում տեսնում ենք ճիշտ հակառակը, երբ ՀՀ գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են առաջ տանել Հյուսիս-Հարավին այլընտրանք հանդիսացող Արևելք-Արևմուտք միջանցքի գաղափարը, որը հենց նույն թուրք-ադրբեջանական միջանցքն է և քննարկվում է, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» համատեքստում»,- հավելեց էներգետիկ անվտանգության փորձագետը:
Ի դեպ, նա շեշտեց, որ Հյուսիս-Հարավի պարագայում պետք է նկատի ունենալ ոչ միայն զուտ տրանսպորտային լոգիստիկան, այլև գազատրանսպորտային և էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունները:
Վահե Դավթյանի համոզմամբ՝ Հայաստանը, որն ունի ավելցուկային հզորություններ, կարող է և պետք է կառուցի սեփական էներգետիկ ռազմավարությունը հենց այս ռազմավարական ուղղության վրա խարսխված՝ ակտիվացնելով արտահանումը վերոնշյալ ուղղություններով: Քաղաքագետի դիտարկմամբ՝ վերջինիս առավել քան կնպաստի ԵՏՄ շրջանակներում իրականացվող էլեկտրաէներգետիկ ինտեգրացիան. «Մասնավորապես գիտենք, որ 2025 թ. պետք է մեկնարկի Եվրասիական ընդհանուր էլէներգետիկ շուկան՝ ՀՀ ուղիղ մասնակցությամբ, ինչը լուրջ հնարավորություններ է ստեղծում ամբողջ ԵՏՄ շուկայում և արդեն նաև ԻԻՀ հետ ակտիվացնելու ԵԱՏՄ ձևաչափով էլէներգիայի արտահանումը:
Վստահ եմ, որ սա այն առանցքային ուղղությունն է, որի իրագործումը կարող է էապես բարձրացնել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը»:
Անդրադառնալով տրանսպորտային բաղադրիչին՝ անվտանգության հարցերով փորձագետը նկատեց, որ նոր լիցք պետք է հաղորդվի Մեղրու ազատ տնտեսական գոտուն՝ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված տարածաշրջանային օրակարգը հստակեցնելուց հետո:
Նույն էներգետիկ համատեքստում Վահե Դավթյանը կարևորեց նաև Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը, որը, ըստ նրա, 2019թ. դե ֆակտո դուրս բերվեց միջպետական հայ-իրանական օրակարգից. «Տարիներ շարունակ դիտվում էր այնպես, որ հենց Իրանը պետք է հանդես գար որպես ֆինանսական դոնոր՝ այդ նախագիծը կյանքի կոչելու համար: 2019 թ. հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում, սակայն, Իրանը հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանում է այդ նախագիծը կյանքի կոչել, ապա սեփական դոնորների պետք է փնտրել: Հայաստանն ի վիճակի չէ. խոսքը մոտ 300 մլն ԱՄՆ դոլարի մասին է: Բայց եվրասիական էներգետիկ ինտեգրման համատեքստում այս ուղղությունը կարող է առավել քան հեռանկարային լինել:
Նախագիծը հաստատվել և մշակվել էր տարիներ առաջ. այժմ պետք է քաղաքական կամք՝ այն կյանքի կոչելու համար»:
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահն ամփոփելով՝ նկատեց նաև՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանի՝ Հայաստանին հարող տարածքներում առկա է էլեկտրաէներգետիկ պակասորդ, որը գնահատվում է մինչև 2000 մեգավատտ, Էներգետիկայի արտահանումը լուրջ հեռանկարներ կարող է ունենալ հայ-իրանական էներգետիկ համագործակցության շրջանակներում:
Հիշեցնենք՝ 2019 թ. հոկտեմբերի 27-ին ուժի մեջ էր մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 28-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանայիի՝ ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կայացել է նոտաների փոխանակում՝ անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին։