«Ճիշտ կանես՝ լավով գնաս». Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ փողոցով իշխանություն փոխելը հնարավոր է, եթե կրիտիկական զանգվածը հասնի անդառնալի կետի:

«Միայն այդ պարագայում փողոցով կարելի է քաղաքական փոփոխություններ մտցնել երկրում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի, և եթե զգա, որ իր աթոռը սասանվում է, նա տանկեր կհանի փողոց՝ առանց մտածելու, այսինքն՝ նա կգնա սպանությունների»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմինե Ադիբեկյանը չի հիշում մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները համընկնեն. «Թե ինչ է ասում Փաշինյանը, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, որովհետև նրա գործողությունները ճիշտ հակառակն են լինելու, և դա Նիկոլ Փաշինյանն ապացուցում է արդեն հինգերորդ տարին»:

Հարցին՝ Ազատության հրապարակում տարբեր քաղաքացիներ նշում էին, որ հենց Փաշինյանի վերջին ելույթներն են ստիպել, որ փողոց դուրս գան. որո՞նք էին Փաշինյանի ելույթների մտահոգիչ թեզերը Ձեզ համար, նա պատասխանեց.

«Հենց բուն Նիկոլ Փաշինյանը, և մնացածը Փաշինյանից բխող հանգամանքներն էին: Մարդը սուտ է խոսում, մարդը չի կատարում իր ուղիղ գործառույթները, մարդը վարում է հակապետական և հակաժողովրդական քաղաքականություն, մարդը ես չգիտեմ՝ նվիրել է, վաճառել է, ինչ է արել մի ամբողջ տարածաշրջան թշնամուն, իմանալով, որ այդ մարդկանց սպասում է, լավագույն դեպքում՝ աքսորում, վատագույն դեպքում՝ նրանք ընտանիքներով ոչնչացվելու են, և դա ակնհայտ է բոլորի համար: Ցանկացած մասնագետի եթե դիմեք, նա փաստարկներով շատ խորը ուսումնասիրությունների հիման վրա ձեզ կբացատրի՝ ինչ է սպասում հայերին՝ Ադրբեջանի կազմում: Այդ մարդը 4 տարի է՝ անում է մի բան՝ քանդում է մեր պետականությունը, ոչնչացնում է մեր անվտանգությունը և պառակտում է մեր հասարակությունը՝ տանելով կործանման: 4 տարվա ընթացքում ի՞նչը փոխվեց, որ 2022թ. ապրիլին մեկ էլ Փաշինյանի բերանից դուրս եկած ինչ-որ տեքստերի մեջ մտահոգիչ բաներ լինեն: Ամեն ինչն է մտահոգիչ, ամեն ինչն է վտանգավոր և կործանարար»:

Նրա խոսքով՝ հայելային հետքաշման ժամանակ հայերը հետ են քաշվում, իսկ ադրբեջանցիները գալիս են առաջ, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Փառուխում.

«Ադրբեջանցին երբեք հետ չի քաշվելու, ադրբեջանցուն պետք է տշել: Դա շատ պարզ տրամաբանություն է: Եթե Փաշինյանը ասում է՝ տեսա՞ք՝ ոնց ստացվեց, դա նշանակում է երկու բան՝ տղա ջան, դու կամ չես հասկանում՝ ինչ ես անում, չես տիրապետում իրավիճակին, որովհետև այն, ինչ քո հետ պայմանավորվում են, չեն կատարում, այսինքն՝ դու այդքան հեղինակություն չունես ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրսում, ուրեմն՝ ճիշտ կանես՝ լավով գնաս, որ քո տեղը գա մարդ, որը կկարողանա գոնե քո ստորագրած խայտառակ փաստաթղթին հետևողական լինել, որ պարտադրի հակառակորդին պահպանել քո ստորագրած կապիտուլյացիան, կամ ինքնահրկիզվի, որովհետև դու չկաս»:

Ըստ Ադիբեկյանի՝ շրջադարձ հնարավոր չէ. «Այդ շրջադարձին հիմիկվանից պետք է պատրաստվել, որ գա 2088թ., և մենք ունենանք այդքան ռեսուրս, ուժ, այդքան հայ լինենք, որ կարողանանք պահպանել մեր շահերը: Այսինքն՝ այն, ինչ օրի մեզ բերեց Նիկոլ Փաշինյանը՝ այս 4 տարվա ընթացքում, անդառնալի է, բայց գոնե կարող է գալ ինչ-որ մի ուժ, այլ ոչ թե՝ այս փողոցից հավաքված թափթփուկները, որը պարտադրի կատարել այդ ստորագրած փաստաթուղթը: Դուք հասկանում եք, չէ՞, որ այս 1.5 տարվա ընթացքում այդ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը ով ոնց ուզել է՝ խախտել է, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, իսկ Նիկոլ Փաշինյանն այդքան տղամարդ չէ, որ չի կարողանում ստիպել կատարել եռակողմ ստորագրված փաստաթուղթը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս