«Վերջին ժամանակահատվածում տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին բանակում, սահմաններում, անընդհատ ոստիկանական զորքերում է». Սեյրան Օհանյան
Ազատության հրապարակ է այցելել ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ եկել է տեսնելու իր գործընկերոջը` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որն իր բողոքի ակցիան է անում վերջին իրադարձությունների` Հայաստանի դեպի թուրքացման տանող ճանապարհի և Արցախի հայաթափման հետ կապված:
«Կարծում եմ` այս պարագայում ոչ իմ, ոչ թե ինչ-որ ղեկավարների, այլ յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այդ պայքարին, դիմադրության շարժում ստեղծել, թույլ չտալ, որպեսզի այս իշխանությունը Հայաստանը կուրորեն տանի թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը հայաթափման: Այս իշխանություններին, կարծում եմ, ոչ ոք մանդատ չի տվել, և սկսած Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկը մասնակից չի եղել առաջին ազատամարտին: Եվ այսօր էլ իրեն ոչ մեկը այդ մանդատը չի տվել` միայնակ որոշել Արցախի ճակատագիրը»,-շեշտել է Սեյրան Օհանյանը` նշելով, որ նկատի ունի Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը, ինչպես նաև` Հայաստանի, Արցախի հատվածում մեր անվտանգային համակարգը ձևավորելու խնդիրը:
«Դուք այս վերջին ժամանակահատվածում տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին բանակում, սահմաններում, բայց ինքն անընդհատ ոստիկանական զորքերում է: Ինքը մտածում է իր սեփական անվտանգության մասին, ոչ թե ժողովրդի և երկրի անվտանգության»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում