«Իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ․ հապաղելու ժամանակ մենք այլևս չունենք»․ «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանն ու Արցախն այսօր բեկումնային օրեր են ապրում։
Քաղաքական իշխանության վերջին օրերի կեցվածքն ու խոսքն ապացուցում են, որ իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ։
Հապաղելու ժամանակ մենք այլևս չունենք։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա։ Այո՛, օրվա իշխանությունը վերջին տարիներին արել է հնարավոր առավելագույնը՝ ստով ու կեղծիքով մեր ժողովրդի զգոնությունը բթացնելու, ինքնապաշտպանական ներուժը զրոյացնելու ուղղությամբ։
Ցավոք, հիմա արդեն ոչ թե հորդորների ու կոչերի, այլ՝ ոտքի կանգնելու ժամանակն է։
Հանուն մեր հայրենիքի, մեր պետության ու մեր զավակների ապագայի՝ այսօր մենք պարտավո՛ր ենք արթնանալ, սթափվել, պայքարել ու կանգնեցնել այս իշխանությանն ու նրա հովանավորներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի ապրիլի 17-ին մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս` կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում ենք։
Մենք տուն չենք գնալու մինչև չհասնենք մեր նպատակին։
Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։
Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։
Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»։