Սև ծովում հարձակվել են ռուսական նավթով բեռնված հունական լցանավի վրա
Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել հունական Skiros լցանավը։
Ինչպես ճշտում է գործակալությունը, լցանավի վրա հարձակվել են կիրակի՝ օգոստոսի 16-ին, այն բանից հետո, երբ այն Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալում բեռնել էր ռուսական նավթի խմբաքանակ։
Հուլիսի վերջին, ինչպես գրել էր Financial Times թերթը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել էր դադարեցնել հարվածները ԿԽԿ ենթակառուցվածքի և Նովոռոսիյսկի նավահանգիստ մտնող տանկերների նկատմամբ։
Նույն ժամանակ, ըստ FT-ի, Կիևը համաձայնել էր հարվածներ չհասցնել ԿԽԿ ենթակառուցվածքին և Ռուսաստանին չպատկանող նավերին, եթե դրանք չեն գտնվում ուկրաինական պատժամիջոցների տակ և չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։
ԿԽԿ-ն Ղազախստանից նավթի մատակարարման հիմնական ուղին է․ կոնսորցիումում բաժնեմասեր ունեն, ի թիվս այլոց, ամերիկյան Chevron և ExxonMobil ընկերությունները, փոխանցում է BBC-ն։ Նովոռոսիյսկում գտնվող ԿԽԿ-ի ծովային տերմինալը և դրա ջրատարածքում գտնվող տանկերները պարբերաբար ենթարկվել են ուկրաինական հարձակումների։ Այդ հարձակումներից մեկից հետո Ղազախստանը ստիպված էր կրճատել նավթի արդյունահանումը։

