Իսկ ի՞նչ է ստացել կառավարության ծրագրի կատարումից հասարակությունը
Կառավարության անցած տարվա գործունեության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքներն Ազգային ժողովում ներկայացնելիս՝ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարեց երկրում մակրոտնտեսական կայունության ապահովումը։ Բայց հավանաբար մոռացավ ասել, թե դա ինչի հաշվին է եղել. մակրոտնտեսական կայունության ապահովումը, եթե կարելի է այդպես ասել, պետության վրա նստել է 1 մլրդ 257 մլն դոլար։
Այդքան գումարով կառավարությունն անցած տարի ավելացրել է պետական պարտքը։
Եթե այսպես պիտի ապահովվի մակրոտնտեսական կայունությունը, ապա դա բոլորովին էլ ձեռքբերում չէ։
Մեկ տարում կառավարությունը պետական պարտքը համալրել է գրեթե 16 տոկոսով։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը չի կարողացել վերականգնվել։
Նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո ընդամենը 5,7 տոկոս աճ է ապահովվել։ Տնտեսության աճի տեմպը 3 անգամ ավելի ցածր է եղել, քան պարտքինը։
Կառավարությանը չի հաջողվել վերականգնել տնտեսության այն կորուստները, որոնք ունեցանք նախորդ ճգնաժամային տարում։ Մինչդեռ, շատ երկրներ ոչ միայն հետ բերեցին կորուստները, այլև մտան զարգացման փուլ։
Հարևան Վրաստանում կրկնակի ավելի բարձր տնտեսական աճ արձանագրվեց, քան մեզ մոտ, չնայած Վրաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը համավարակի հետևանքով անհամեմատ ավելի շատ էր տուժել։ Վրաստանում տնտեսական աճը 10,6 տոկոս էր, Հայաստանում՝ ընդամենը 5,7 տոկոս։
Եթե սա ձեռքբերում է, ապա ո՞րն է ձախողումը։
«Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր 3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217, 8 մլրդ դրամ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ու կրկին խեղաթյուրում է փաստերը։ Անցած տարի իրականացված կապիտալ ծախսերն ամենևին էլ աննախադեպ չէին։ Պատմության մեջ շատ ավելի բարձր կապիտալ ծախսեր են կատարվել, և դա եղել է ոչ թե վերջին չորս տարիներին, այլ դրանից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք։
Իրականում կապիտալ ծախսերի աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել 2017թ., երբ Նիկոլ Փաշինյանը հավանաբար դեռ լավ չէր էլ պատկերացնում, թե ինչ դեր ունեն տնտեսության համար կապիտալ ծախսերը։ Այդ տարի ի սկզբանե պլանավորվածի համեմատ՝ կապիտալ ծախսերը գերակատարվեցին գրեթե 2,4 անգամով՝ գերազանցելով 237 միլիարդը։
Հիշեցնենք, որ անցած տարի կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 218 մլրդ դրամ՝ 19 միլիարդով պակաս, քան կատարվել էր 2017թ.։ Այն ժամանակ կապիտալ ծախսերը գերակատարվել էին, իսկ անցած տարի թերակատարվել են գրեթե 8 տոկոսով։
Աշխատատեղերի մասին է խոսում ու բերում թվեր, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։
«Որպես արդյունք՝ 2021-ի դեկտեմբերին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի նախորդող շրջանի ողջ պատմության համար: Էականորեն աճել է միջին և համախառն աշխատավարձը»,- կառավարության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Բացում ենք պաշտոնական վիճակագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա բոլորովին այլ թիվ է գրված. ըստ Վիճակագրական կոմիտեի, 2021թ. դեկտեմբերին Հայաստանում գրանցված է եղել 671 հազար 969 աշխատող։
Հավանաբար ինչ-որ բան էլի խառնել են։
Հիմա ամենակարևորը. իսկ ի՞նչ է ստացել կառավարության ծրագրի կատարումից հասարակությունը։
Փաստն այն է, որ կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում Հայաստանի անվտանգության մակարդակն ու սահմաններն ավելի պաշտպանված չեն դարձել, քան մեկ տարի առաջ էին, խնդիրներն ու մտահոգություններն այսօր էլ շարունակում են պահպանվել։ Չի բարելավվել նաև մարդկանց կյանքը։ Բարձր գնաճի ու եկամուտների դանդաղ աճի հետևանքով երկրում մի բան էլ խորացել է աղքատությունը։
Ինչքան էլ կառավարությունն ու կառավարության ղեկավարը հայտարարեն, որ գնաճը համաշխարհային երևույթ է, միևնույն է, դրանից կառավարության խնդիրները չեն նվազում։ Կառավարության պարտքն է՝ մտածել գնաճի հետևանքներից մարդկանց պաշտպանելու, նրանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին։ Բայց ի՞նչ է արել կառավարությունը. ո՛չ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների աշխատավարձն է բարձրացրել, ո՛չ էլ առավել ևս՝ թոշակներն ու նպաստները։ Զարմանալի չէ, որ աղքատացել են՝ ինչպես չաշխատողները, այնպես էլ՝ աշխատողները։ Եթե նույնիսկ աշխատավարձի ինչ-որ հավելում եղել է, ապա դա ամբողջությամբ տարել է գնաճը։
Գնաճն անցած տարի Հայաստանում կազմեց 7,2 տոկոս, իսկ սննդամթերքի թանկացումը հասավ 13 տոկոսի։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գնաճը հաշվվում էր տասնյակ, երբեմն՝ անգամ հարյուրավոր տոկոսներով։ Ու այս պայմաններում կառավարությունը մատը-մատին չխփեց նույնիսկ սոցիալապես անապահովների եկամուտներն ինչ-որ չափով ավելացնելու ու այդ ճանապարհով գնաճի հետևանքները մեղմելու համար։
Այսքանից հետո ինչ էլ ասի կառավարությունը, ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ էլ ներկայացնի, դրանք լինելու են դատարկ խոսակցություններ, որոնք ոչինչ չեն տվել հասարակությանը։ Եվ դրա լավագույն վկայությունն արտագաղթի այն բարձր ալիքն էր, որին այս կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում բախվեց երկիրը։
Երկրից գնաց ու չվերադարձավ ավելի քան 73,5 հազար քաղաքացի։ Նման տեմպերով արտագաղթ մեր երկրից շատ վաղուց չէր եղել։
Սա է այս իշխանության «ձեռքբերումը»։ Իսկ թե ի՞նչ կասի կամ չի ասի Նիկոլ Փաշինյանը, կարևոր չէ։
Չպետք է մոռանալ նաև, որ սա այն իշխանությունն է, որը 4 տարի առաջ մարդկանց պայծառ ապագա էր խոստանում ու մեծ հայրենադարձություն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ