
Վրաստանի վարչապետը հայտարարել է հանրապետությունում պատերազմների կրկնության անթույլատրելիության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։
«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմը, և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի։ Մենք պատասխանատու կառավարություն ենք։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ անվտանգության և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ասել է, որ Վրաստանը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության է ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։