ՀՀ երեք նախագահների մարտահրավերը․ կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները. «Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ»։

Ակնհայտ է, որ իրավիճակը Արցախում և Արցախի շուրջ լուրջ է և լրջանում է ժամ առ ժամ։ Ակնհայտ է նաև, որ այդ օրհասականությունը գիտակցում են նաև Արցախում, ու անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլ Փաշինյանին համազոր պատասխանատվություն ունի բոլոր ողբերգությունների հարցում, այդուհանդերձ, իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում՝ չխորշելով անգամ հանդիպել Արցախի նախկին ղեկավարներին, որոնցից նախկինում խուսափում էր՝ Նիկոլ Փաշինյանի զայրույթը չհարուցելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանն իր ապրիլի 13-ի, ապա՝ հաջորդ օրվա ելույթներով պարզորոշ հայտարարեց, որ պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել Արցախից՝ ըստ ամենայնի  այն Ադրբեջանի կազմում թողնելու մասին համաձայնագիր ստորագրելով։ Արդեն երկու օր է՝ իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով, խոսում են Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի, «Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի» թեզի սխալ լինելու մասին։ Ակնհայտ է՝ նրանք կատարում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։

Հայաստանի իշխանությունը, մի կողմ թողնելով բոլոր ձևականությունները, հայտարարում է, որ հնարավորինս արագ ժամկետներում Արցախից հրաժարումը պատրաստվում է արձանագրել նաև դե յուրե՝ վերջնականապես փակելով Արցախի հայկականության հարցը ու Արցախը դատապարտելով, լավագույն դեպքում՝ ամբողջական հայաթափման, իսկ որ ավելի վատ է՝ ընդհուպ ցեղասպանության վտանգի։

Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հատել է բոլոր կարմիր գծերը։ Հիմա մի կողմում ինքն է՝ հակահայկական իր խմբավորմամբ, մյուս կողմում՝ Հայաստանի ու Արցախի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը՝ շինականից մինչև մտավորական, քաղաքական գործչից մինչև մանկավարժ… Այս օրերին առանց չափազանցության որոշվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի լինելիության հարցը։ Իսկ դա նշանակում է, որ ժամ առաջ պետք է հանդիպեն նաև Հայաստանի նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նրանք երեքն էլ ունեցել են և ունեն տարբեր, հաճախ հակասող դիրքորոշումներ, հայեցակարգեր, մոտեցումներ, բայց երեքի համար էլ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է կյանքի, կյանքի ու մահու հարց, երեքն էլ որպես պետական ու քաղաքական գործիչներ՝ կայացել են արցախյան շարժման, հետագայում՝ Արցախի իրավունքների պաշտպանության առանցքի հիման վրա, Արցախի հարցը եղել է երեքի քաղաքական կյանքի իմաստը։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հողին հավասարեցնել այդ իմաստը, նորանկախ Հայաստանի ստեղծման ու կայացման անկյունաքարը։ Սա ավելի քան բավարար պատճառ է երեք նախկին նախագահներին՝ հանդիպելու և Նիկոլ Փաշինյանի հայաստանակործանությանը դիմագրավելու համար։ Հատկապես, որ նման նախադեպ եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Այսօր իրավիճակը պակաս վախճանաբեր չէ, քան պատերազմի օրերին, և Հայաստանի նախկին ղեկավարները պետք է անեն առավելագույնը՝ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու համար։ Հակառակ դեպքում նրանք դիտորդի կարգավիճակում հետևելու են, թե ինչպես է փոշիանում իրենց կյանքի ու քաղաքական պայքարի 30-ամյա ճանապարհը, որը նաև Հայաստանի ու Արցախի նորագույն պատմությունն է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս