Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունը՝ մարզիկների վնասվածքների բուժման, աշխատավարձի մասին

2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է մարզիկների խնդիրներին ու պատկան կառույցների անգործությանը։

Նա գրել է․ «Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն՝ ըմբիշները մտածում են՝ ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու: Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ և ուշադիր լինի մեր խնդիրներին:

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։ Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների, այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։ Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։ Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։ Մարզիկները մատնված են անուշադրության, չեն ստանում այն, ինչին արժանի են: Դրա ապացույցը օր օրի մարզիկների նվազող քանակն է: Ու էլի շատ ու շատ խնդիրներ, որոնց թվում է սպորտային վաշտի խնդիրը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ի հարցին ի պատասխան՝ տրամադրեցին պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորև.

2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:

Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:

Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:

2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա ԿԳՄՍՆ-ից նշել են, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում: ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս