Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել

Երկու օր շարունակ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթներով խաղաղության դարաշրջանի մասին ամեն նախադասությունը մեկ հայտարարող Նիկոլ Փաշինյանն իրականում պատերազմ է հայտարարել։

Նա պատերազմ է հայտարարել հայ հասարակությանը, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր հայերին, ովքեր դեռևս ունեն անհատական ու հավաքական արժանապատվություն և պատրաստ չեն նվաստացուցիչ խաղաղությանը, այնպիսի խաղաղությանը, որի այլընտրանքը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով իսկ, «մատաղացու գառ լինելն է»։ Իրականում հենց դա է նրա ելույթների ու գործողությունների հիմնաքարը՝ Հայաստանը դարձել է «մատաղացու գառ», և որպեսզի տեղի չունենա մատաղի վերջին ակտը, ստիպված է համաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրած բոլոր կանոններին։

Նիկոլ Փաշինյանը համեստորեն չի խոստովանում, բայց հասկացողը հասկանում է, մտածել կարեցողը մտածում է, որ Հայաստանը «մատաղացու գառ է» դարձել իր ձեռամբ։ Այդ հրեշավոր արարքից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, համայն հայությանը գործարք է առաջարկում՝ կամ համաձայնել իր «խաղաղության դարաշրջանին», կամ միջազգային հանրության անհաղորդ հայացքի ներքո Արցախն ու Հայաստանը մատաղ կարվեն իր այն գործընկերների կողմից, որոնց շահերը այդքան ջանասիրաբար ներկայացնելով՝ փորձում է նրանց իսկ շահերից բխող խաղաղություն հաստատել։

Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, մարտահրավեր է նետում, այո, պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր դեմ են ստորաքարշության այս համազգային ակտին և պատրաստ են պայքարել դրա դեմ։ Պատերազմը հայտարարված է հասարակությանը, որը նաև պետք է որոշի՝ այդ պատերազմում շարունակելու է պայքարել այն ընդդիմությամբ, որը ճակատամարտի ամենաթեժ պահին լքում է մարտադա՞շտը, թե՞ այդուհանդերձ փնտրելու ու գտնելու է պայքարի այլ ձևաչափեր։ Հակառակը նշանակելու է Նիկոլ Փաշինյանի ու խաղաղության գծով նրա պարտնյորների հաղթանակը և Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայկական ինքնության պարտությունը։ Նիլոլ Փաշինյանն ազնիվ է ու առանց ձևականությունների հայտարարում է, որ հայրենասիրության իր մոդելը չի ենթադրում հայկական տարածքների պարտադիր պաշտպանություն, նա ասում է, որ հայը կարող է ապրել նաև թուրքական կամ ադրբեջանական տարածքներում։ «Հայաստանի երբեմնի բոլոր հողակտորներն էլ այսօր կան, գոյություն ունեն»,- ըստ ամենայնի ազդարարելով առաջիկայում հայկական տարածքների թուրքացման իր մտադրությունները՝ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևորը ոչ թե տարածքներն են, այլ դրանում բնակվող մարդիկ։

Կոսմոպոլիտիզմի փիլիսոփայական խմբակում նման հայտարարությունը կարող է ծափերի արժանանալ, սակայն, երբ այդպիսի միտք է հայտնում պետության ղեկավարը, նշանակում է, որ նա պատրաստ է սեփական երկրի տարածքները զիջել ցանկացածին, անգամ թշնամուն՝ դրանցում ապրելու իրավունքի, «մատաղ չանելու» ողորմածության դիմաց։

Ահա այսպիսի բացախոս ազնվությամբ «խաղաղության» մունետիկ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում սեփական հանրությանը։ Այս պատերազմում նա ունի հզոր դաշնակիցներ՝ ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և նրա ելույթներին ծափահարող «միջազգային հանրության», որի համար, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագային, միևնույն է՝ ում կպատկանեն տարածքները, որոնցում ապրելու է մատաղից փրկված հայությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այս պատերազմի ելքը կախված է Հայաստանի ու Արցախի հասարակությունից՝ առաջնորդությամբ կամ առանց դրա։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց, գուցե ևս մի քանի հազար զոհերից հետո նա՝ հիանալով սեփական ելույթով ու համարելով, որ դրա համար արժեր մարդկային կյանքեր զոհել, կկարողանա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել՝ «Մեր նահատակները այ էս խոսակցության համար են ընկել»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս