Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում տեղի ունեցած իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Կիեւի եւ Մոսկվայի բանակցային գործընթացի վրա։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Բուչայում և Իրպենում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք Թուրքիան նույնպես դատապարտեց, փոխեցին մթնոլորտը բանակցային գործընթացում և բացասական հետք թողեցին ուկրաինական կողմի վրա։ Ռուսական կողմը տարբեր հայտարարություններ է արել, բայց իրականում բացասական ազդեցություն կա երկխոսության գործընթացի վրա»,- նշել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հրադադարի հնարավորություն կա:

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան կշարունակի ջանքերը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների նոր հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հնարավորությանը, Չավուշօղլուն նշել է, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դրական արձագանքից։

Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ այս քաղաքից Թուրքիայի մոտ 30 քաղաքացիների տարհանումը չի պահանջում ծովային նավի հատկացում։

Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման մասին հարցին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր գործողությունները հիմնված են միջազգային իրավունքի վրա։

«Թուրքիան կշարունակի իր սկզբունքային և հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում»,- ասել է նա։

Չավուշօղլուի խոսքով՝ միջազգային ասպարեզում նոր սառը պատերազմի նախանշաններ կան։

 

Տեսանյութեր

Լրահոս