Գիտնականները հայտնաբերել են հասարակ մթերք, որն ընդունակ է պաշտպանել քաղցկեղից
Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի (AASR) ամենամյա ժողովի ժամանակ հայտարարվել է, որ հայտնաբերվել է հասարակ մթերք՝ ընդունակ պաշտպանելու լյարդի քաղցկեղի զարգացումից:
Ըստ հետազոտությունների տվյալների, որոնց արդյունքները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում, ամբողջական հացահատիկներից պատրաստված մթերքների օգտագործումը հանդիսանում է օնկոլոգիայի պրոֆիլակտիկայի լավագույն միջոցը:
Հոդվածում նշվում է, որ ամբողջական հացահատիկներից պատրաստված մթերքներն ունեն լյարդի քաղցկեղի զարգացումը զսպելու հատկություն՝ ինսուլինից կախվածության մեղմացման հաշվին:
Ստուգելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում այդ մթերքների օգտագործումն օրգանիզմի վրա, գիտնականները հետազոտել են 125 հազար մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունները:
Հետազոտությունների շրջանակներում օգտագործվել են ստուգումների տվյալներ, որոնք անցկացվել են բժշկական հաստատությունների աշխատակիցների շրջանում՝ 1976 և 1986 թվականներին: Տղամարդիկ և կանայք 32 տարիների ընթացքում յուրաքանչյուր 4 տարին մեկ լրացրել են հարցաթերթիկներ՝ իրենց առողջական վիճակի և սննդային սովորույթների մասին:
Այդ ընթացքում 141 հոգու մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ: Ուսումնասիրելով քաղցկեղով հիվանդ և առողջ մարդկանց սննդակարգերը՝ գիտնականները հանգել են հետևյալ եզրակացությանը. «Մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ ամբողջական հացահատիկներից պատրաստված մթերքների հաճախակի օգտագործումը պաշտպանում է լյարդի քաղցկեղից»,- հայտարարել է հետազոտման ավագ հեղինակ դոկտոր Սյուհոնդ Չժանը:
Այդպիսի հատկություններ ամբողջական հացահատիկը ստացել է իր բաղադրության հաշվին. թեփ, էնդոսպերմ և սաղմ: Սպիտակ հացի համար ալյուր պատրաստելիս ամբողջական հատիկները վերամշակում են՝ հեռացնելով դրանից թեփը և սաղմը, սակայն ըստ Չժենի խոսքերի, հենց դրանք են պարունակում այն վիտամինները, որոնք էլ կարողանում են պայքարել քաղցկեղի դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը