Լիլի Մորտոն՝ կին-տղամարդ փոխհարաբերությունների, կեղծ իրականության, պատերազմի, քաղաքականության մասին. #Persona
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ «168 ժամը» և 168.am-ն ապրիլի 10-ից ներկայացնում են նոր հաղորդաշար՝ «ՊԵՐՍՈՆԱ»՝ Տաթև Վարդանյանի հետ:
Տարբեր ոլորտներ ներկայացնող անհատականությունները կներկայացնեն իրենց հաջողությունների բանաձևերը, կխոսեն իրենց կենսակերպի, սոցցանցային իրականության, հասարակությանը հետաքրքրող այլ թեմաների մասին:
Հաղորդման առաջին հյուրը ֆոտոմոդել, Women’s club շոու-ծրագրի դերասանուհի Լիլիթ Մորտոն է:
168.am-ի #Persona հաղորդաշարում նա պատմել է իր մանկության, Արցախյան առաջին պատերազմում զոհված հայրիկի մահվան, 44-օրյա պատերազմի, իր ընտանիքի, մասնագիտության ընտրության, իր արտաքին փոփոխությունների, կին-տղամարդ հարաբերությունների մասին:
– Դու միշտ գիտե՞ս՝ ինչ ես ուզում, թե՞ ընթացքում ես կողմնորոշվում։
– Ես միշտ գիտեմ, թե ինչ եմ ուզում, բայց ուզելու ճանապարհին լինում է, որ շատ երկար եմ մտածում։ Երբեմն երկար մտածելը շատ է խանգարում։ Տասը չափիր՝ մեկ կտրիրն ինձ համար պարտադիր պայման է:
-Արդյոք պատերազմի վախը, հարազատի կորուստը ամբողջ կյանքում մարդուն հետապնդո՞ւմ են։
-Կարծում եմ՝ այո, որովհետև ինչով էլ փորձես փոխարինել հարազատի կորուստը չես կարող լրացնել այդ բացը, որովհետև նրա հետ միասին կորցրել ես քո մի մասնիկը:
-Շոու բիզնեսի ներկայացուցիչները խուսափում են հասարակական, քաղաքական թեմաներով հարցերից։ Ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Սա ի՞նչ է, անտարբերությու՞ն է սեփական պետության հանդեպ, թե վախենո՞ւմ են զրկվել եթերներից ու քաղաքական հետապնդումների ենթարկվել:
– Այո, մեկը վախենում է հետապնդումներից, մյուսը՝ եթերներից զրկվելուց, մյուսն առհասարակ թքած ունի: Երբ ես խոսել կամ քննադատել եմ՝ թափվել են գլխիս, երբ հասկացել են, որ ճիշտ եմ խոսել՝ լռել են։ Հասկացել եմ նաև, որ ես ոչինչ փոխել չեմ կարող, որովհետև հասարակության մեծամասնությունը չի ուզում ընդունել իրականությունը և իր սխալը։
-Մի առիթով մայրդ ասել է՝ որպեսզի դու երկար չկանգնես հայելու առջև պետք է հինգ երեխա ունենաս։ Երեքն արդեն ունեք: Ե՞րբ ենք տեսնելու քո հաջորդ երկու բալիկներին։
-Ինչպես ստացվի, ինչպես Աստված կամենա։ Իրականում ես սիրում եմ ամեն ինչ պլանավորել։ Գործողություններիս հերթականությունը, ժամանակը, բայց Աստծուց առաջ ընկնել ճիշտ չէ, հատկապես, երբ իմ կյանքում ամեն ինչ ստացվում է այնպես, որ ես միշտ հայտնվում եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։
ՏԱԹԵՎ ՎԱՐԴԱՆՅԱՆ