ՀՀ քաղաքացիներն իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին. Քերոբյանը՝ անվտանգության ու գյուղատնտեսություն մասին
«Ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ ամբողջությամբ նրա հետ, ինչ ասվեց, բայց ավելի շատ բան ես չգիտեմ: Ավելի մանրամասն տեղեկություն պետք է ստանալ արտգործնախարարությունից կամ վարչապետի աշխատակազմից»,- կառավարության նիստում բրյուսելյան այցի վերաբերյալ վարչապետի ելույթին և բրյուսելյան քննարկումներին անդրադառնալով՝ նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը և իր քաղաքական թիմը նախընտրական ծրագրով հայտարարել է՝ իրենց օրակարգը խաղաղության օրակարգ է:
«Այդ օրակարգով ենք մենք ընտրվել, և ՀՀ քաղաքացիները, բնակիչներն իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք, ինչպես նշեց վարչապետը, հետևողականորեն առաջ ենք տանում»,- հավելեց նախարարը:
Լրագրողի դիտարկմանը՝ բայց քաղաքացիները քվե չեն տվել, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ, այլ հարցեր տվեք»:
Այլ հարցերն արդեն վերաբերում էին գյուղատնտեսության մարտահրավերներին:
Հնարավո՞ր է արդյոք՝ լինի սերմացուի դեֆիցիտ՝ հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբյանը պարզաբանեց. «Այդպիսի վտանգներ կային, բայց մեր և ՌԴ մեր գործընկերների հետ կարողացանք չեզոքացնել այդ վտանգներն այս պահին: Բայց այնպես չէ, որ հնարավոր չէ: Կհիշեք, որ անցյալ տարի ապրիլ ամսվա սկզբին Լարսի լեռնանցքը նորից փակվել էր, և գարնանացանի սերմացուի մի մասը տեղ չհասավ: Քանի դեռ Հայաստանում չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհների հարցը, այդ ռիսկը միշտ կա:
Գիտեք, որ կառավարությունը երկու շաբաթ առաջ հաստատեց լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որի երկրորդ փուլը մոտ մեկ շաբաթ անց կհաստատվի վերջնականապես և կսկսի աշխատել. այդ պարագայում ռիսկերն էապես ավելի քիչ կլինեն»:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Լարսի անցակետը թեև այս պահին բաց է, սակայն այնպիսի իրավիճակ է, որ օրվա մեջ մի քանի անգամ կարող է բացվել և փակվել՝ եղանակային վիճակով պայմանավորված:
Ինչ վերաբերում է անասնակերի պակասի մասին հնչող ահազանգերին՝ Վահան Քերոբյանը նկատեց, որ խնդիրը կա և անհանգստացնում է իրենց:
«Այս պահին միջանկյալ լուծումները տրված են, այսինքն՝ այս պահին գիտենք, որ կերային կուլտուրաները ներմուծվում են հիմնականում ՌԴ-ից, բայց մյուս շաբաթ գործուղման եմ լինելու ՌԴ, որտեղ արդեն առարկայական լուծումներ կտանք ու այնպես կանենք, որ այս մասով որևիցե խնդիր չունենանք:
Այսօր մեր ամենագլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է, և էլի օգտվելով առիթից՝ պետք է կոչ անեմ գյուղացիներին՝ ինչքան հնարավոր է՝ լայն հողային մակերեսներ մշակել, և նաև վստահեցնել, որ իրենց արտադրանքը լավ գնով անպայման կվաճառվի, որովհետև այն դեֆիցիտը, որ տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լինելու են լավը: Այդ տեսանկյունից՝ ինչքան շատ մշակեն, այնքան մեծ օգուտ կունենան»,- ասաց նախարարը: