Բաժիններ՝

3-4 օր առաջ աղիքային ինֆեկցիայով երեխայի են հիվանդանոց տեղափոխել. Նալբանդյան գյուղում խմելու ջուրը պղտորվել է

Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղի բնակիչներն ահազանգում են՝ խողովակների վնասվածության պատճառով գյուղում խմելու ջրի որակը վատացել է:

«Խողովակները տրաքել են ու չեն սարքում. Մոտ 30 տեղ այդպես է։ Ջուրը լրիվ պղտոր է: Անձրև է, բացի այդ էլ՝ թրիքների մոտով է անցնում, ջուրը դուրս է գալիս խողովակներից, նորից լցվում մեջը: Երբ դեռ համայնքները չէին խոշորացվել՝ էլի այդպես էր լինում, սարքում էր համայնքը: Հին գիծ է, 1980-ական թվականներին են սարքել: Որ փողոցը մտնում ես՝ ջուրը դուրս է տալիս, իսկ անջատելուց հետո՝ ներս է քաշում: Լրիվ պղտոր ջուր է գալիս: Հիմա որ երեխաները բոլորը հիվանդանան, ի՞նչ են անելու: Առանց այն էլ, գյուղում արդեն նման դեպք եղել է, 3-4 օր առաջ աղիքային ինֆեկցիայով երեխայի են հիվանդանոց տեղափոխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից Ալբերտ Գինոսյանը:

Նա փոխանցմամբ՝ գյուղում ջուրը ժամով են տալիս. օրը 4 ժամ:

Նալբանդյան գյուղի համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ամեն տարի էլ այդպես է: Մեր գծերը չուգունից են, միշտ էլ ճաքել, ջարդվել, փտել են, սարքել ենք՝ աշխատել է: Խոշորացված համայնքն արդեն հարցը կարող է լուծել, քանի որ հնարավորությունները մեծ են: 22 տեղ տրաքել է, տեղյակ է խոշորացված համայնքը: Առաջիկա 1-2 օրը գալու են՝ սկսեն գործը»:

Մեծամորի համայնքապետարանի լրատվական բաժնից Գառնիկ Մկրտչյանն էլ մեզ փոխանցեց, որ խնդրի մասին տեղյակ են, պարզապես ընթացակարգը բավականին երկար է:

«Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Համայնքը նոր է ձևավորվել, դեկտեմբերին է եղել խոշորացումը, որոշ չափով գործ արվում է, որոշները նախատեսում ենք անել: Գույքագրում ենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչ խնդիր կա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս