Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշները դժգոհում են ֆինանսավորումից, ԿԳՄՍ-ից նշում են՝ պետք է լավ մարզիկներին խրախուսելու մեխանիզմներ գտնեն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը և մարզիկները դժգոհում են, որ ամիսներ շարունակ գումարներ չեն ստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, նշեցին, որ եղած պայմաններն ու ֆինանսավորումը բավարար չեն: Նրանք պնդում են՝ եթե ֆինանսական միջոցները մնան այնքան, որքան հիմա են, թիմը չի կարողանալու լավ նախապատրաստվել, մարզիկները չեն կարողանալու բուժել վնասվածքները, իսկ վիտամիններ արդեն ամիսներ շարունակ չեն ստանում:

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նշեց, որ մեր երկրում սպորտի համար պատասխանատու մարմինները ոչ մի բան չեն անում միջազգային մրցաշարերում մրցավարության հարցը լուծելու համար:

Նա նաև դժգոհեց՝ 4 ամսում երկու միջազգային մրցաշարի են մասնակցել, բայց չունեն վիտամիններ, չունեն սպորտային հագուստներ, տարբեր հագուստներով են մասնակցում:

Ալեքսանյանը շեշտեց, որ հավաքականը միշտ խնդիրներ է ունենում բյուջեի հաստատումից հետո, քանի որ գումարը չի բավարարում:

«Ըմբշամարտը մեր երկրում այլ մակարդակի վրա է: Առանձնակի մոտեցում է պետք, որ կարողանանք պահպանել բարձր մակարդակը: Այլ երկրների հետ համեմատ մեր ստացած գումարը շատ չնչին է: Հայաստանի Օլիմպիական կոմիտեն, մեր դեմ գործելով, վնասում է երկրին»,-ասաց նա:

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանն էլ շեշտում է, որ ամիսներ շարունակ ոչ ֆեդերացիայից, ոչ ՀԱՕԿ-ից և ոչ էլ նախարարությունից գումար չի ստացել:

Դժգոհության ձայն բարձրացրեցին նաև Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Ռուդիկ Մկրտչյանը, մարզիչ Սամվել Գևորգյանը:

«Արմենպրես»-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, ով անդրադարձ կատարեց բարձրաձայնված խնդիրներին. «Վիտամինների և դեղորայքի հարցերը լուծված են: Լուծված է նաև մարզիկների հարցը, ովքեր օրենքով գումար ստանալու իրավունք ունեն: Այլ բան է, որ մնացածն արժանի են, և մենք պիտի է մեխանիզմ գտնենք լավ մարզիկներին խրախուսելու համար»,-ասաց Գիլոյանը:

Կապ հաստատեցինք նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ, սակայն նա շեշտեց, որ մեկնաբանություն կտա ինֆորմացիան ճշտելուց հետո միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս